«Փաստ» օրաթերթը գրում է. «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»,– նախօրեին նման միտք է հայտնել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ NEWS.am–ին տված հարցազրույցում: 

Առաջին հայացքից Ավինյանի այս գնահատականը բավական իրատեսական է: Հեղափոխությամբ իշխանության եկած ուժը օբյեկտիվորեն ունի մոնոլիտության, ներքին փոխազդեցությունների կարգավորման խնդիր: Ասել է թե, ներքին հակասություններն իշխող թիմում անխուսափելի են թե՛ օբյեկտիվ ու ներքին պատճառներով, թե՛ արտաքին պատճառներով՝ իշխանությանն այս պահին հակազդող այլ դերակատար չկա, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ ներիշխանական հակասությունների դրսեւորման համար՝ բացառելով պաշտպանվելու ու կոնսոլիդացվելու անհրաժեշտությունը:

Ամեն դեպքում, ինչքան էլ որ իրատեսական թվան այս գնահատականները, կան որոշակի խնդիրներ: Նախ, դժվար է պատկերացնել, թե ինչպես են թեկուզեւ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, օրինակ, վիճարկելու Փաշինյանի այս կամ այն նախաձեռնություն, եթե հայտնվել են ԱԺ–ում հենց Փաշինյանի շնորհիվ:

Մյուս խնդիրն այն է, որ իշխանության հախուռն ձեւավորումը՝ պայմանավորված հեղափոխության հախուռն էությամբ, փաստացի շարունակվեց նաեւ, երբ ավելի հանդարտ պայմաններում մի կողմից համալրվում էր ՔՊ–ն, մյուս կողմից կազմվում էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Ցուցակի կազմման գործընթացն ակնհայտորեն ընթանում էր ոչ միայն կուլիսային պայմանավորվածությունների միջավայրում՝ հասարակական տարբեր շրջանակների աչքից հեռու, այլեւ ցույց էր տալիս, որ որեւէ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմ գոյություն չունի:

Այսինքն, ցուցակը կազմվում էր ՔՊ–ի եւ հեղափոխության ավանգարդը կազմող նեղ շրջանակի հայեցողության շրջանակներում: Հետեւաբար ցուցակի առաջատար կամ հետնապահ տեղերում հայտնվածները, ԱԺ անցածներն ու չանցածները քաղաքական կախվածության մեջ են հայտնվում ոչ միայն Փաշինյանից ու նրա վարկանիշից, այլեւ ՔՊ–ի ու իշխանության նեղ վերնախավից ու դրա առանձին խմբերից:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ներքին հակասություններ իշխանության ներսում չեն լինելու: Բնականաբար, լինելու են: Բայց նախ՝ այդ կոնֆլիկտներն ու կոնֆլիկտող կողմերը միշտ ստորադասվելու են Փաշինյանի անձին, այնուհետ՝ այդ անձից ներքեւ գտնվող իշխանական նեղ վերնախավի շահերին:

Երկրորդ՝ այդ կոնֆլիկտների արտահայտման քաղաքական մեխանիզմներ չեն ներմուծվել ի սկզբանե, ինչը նշանակում է, որ վտանգ կա, որ դրանք դառնան ներկուսակցական ինտրիգներ ու կուլիսային սակարկումներ, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն հանրության հետ, այլեւ ամեն անգամ հասնելով որոշակի էսկալացիայի՝ դառնալու են Փաշինյանի կարգավորման առարկան՝ երիցս բարձրացնելով նրա՝ առանց այդ էլ բարձր, թիմի հանդեպ ահռելի առավելություն ունեցող քաղաքական կշիռը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում