«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը «խորապես հիասթափված է» վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հղած շնորհավորական ուղերձից։

Ըստ նրա, Մարթենսի՝ «թունդ հանրապետականի» բառապաշարով շնորհավորանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եվրոպային և, ընդհանրապես, աշխարհին ձեռնտու է ոչ լեգիտիմ իշխանությունը։

«Փաստորեն այս ընդվզող ժողովուրդը և՛ այս իշխանության դեմ է դուրս եկել, և՛ Եվրոպայի, և մյուս տերությունների։ Մարթենսը փոխանակ նույն ՀՀԿ-ից հարցներ, որ «դուք մեր արժեքները չեք դավանում, իրավունք չունեք ԵԺԿ դիտորդ անդամ դառնալ», բռնեց ու ողջունեց՝ այն էլ թունդ հանրապետական անդամի բառապաշարով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Անահիտ Բախշյանը ավելի հստակեցրեց և ընդգծեց, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի դիտորդ անդամ պետք է ընտրվեր, Եվրոպան պայման դրեց Հայաստանի առաջ, որ պետք է քաղաքականությունը և բիզնեսը հստակ տարանջատվի։

«Այդ նույն Մարթենսը պետք է շատ լավ հիշի՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը Բրյուսելում ինչ ճառեր ասեցին։ Բայց մի հատ հարցնի Մարթենսը, որ երբ այստեղ խոստացաք տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ի՞նչ արեցիք, այն դեպքում, երբ այսօր ունենք շատ ավելի վատ խորհրդարան։ Բա այսօր Մարթենսն ու ԵԺԿ –ն իրենց խաբված չե՞ն զգում»,- հարցրեց նա։

Վերլուծաբանների և հատկապես իշխանական կողմի այն պնդումները, թե այս գործընթացում նաև չերևացող կողմ կա՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգները, Անահիտ Բախշյանը հարցնում է նույն այդ տեսակետի կրողներին, որ եթե կա, ինչու չեն բացահայտում։

«Այդքան իմաստուն են ու եթե գիտեն, թե ով է ուղղորդում, թող բացահայտեն, որովհետև իրենք էլ գիտեն, որ ոչ մի ուղղորդում չկա, ընդհակառակը, հասարակության գերակշիռ հատվածը ընդվզում է սեփական երկրի շահը ճանաչելու համար։ Դեռ մի բան էլ այս շարժումը դրսի դեմ էլ է, եթե այդքան երկրներ շնորհավորել են, նշանակում է, իրենց շատ էլ ձեռնտու է ոչ լեգիտիմ նախագահը, որ ինչպես ուզենան թելադրեն, բայց ժողովրդի կողմից ընտրված նախագահին, որևէ ուժ չի կարող թելադրել, ինչքան ուզում են աշխարհի ամենազորեղը լինեն»,- ասաց նա։

Անահիտ Բախշյանին ոչ պակաս զարմացրել է Վեհափառի շնորհավորանքի տեքստն՝ ուղղված Սերժ Սարգսյանին։ «Այս մտահոգություններն ուղղակի ինձ հանգիստ չեն տալիս ու ես զարմանում եմ, թե այս մտահոգությունները և փաստը տեսնելուց հետո Վեհափառն ինչպես է այդ բառերով շնորհավորել Սերժ Սարգսյանին։ Ուղղակի զարմանում եմ, եթե իրականությունը սա է, բայց շնորհավորում են, չեմ կարողանում բարոյականության աստիճանը տեսնել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Վեհափառ հայրապետը հանրապետության նախագահին հղած շնորհավորական ուղերձում նշել էր, որ «Ընտրություններում Ձեր հաղթանակը վկայում է, որ մեր ժողովուրդը տեսնում է Հայաստանի առաջընթացի ու զարգացման հեռանկարը, վստահում է վերափոխումների Ձեր ծրագրերին և գնահատում այդ ուղղությամբ Ձեր ներդրած ջանքերն ու նվիրումը, Հայրենիքին ծառայության Ձեր անցած ուղին ու վաստակը»։

Նման պայմաններում, ըստ Անահիտ Բախշյանի, ժողովրդին մյուս ուժերը չպետք է մենակ թողնեն։ «Շարժումը վերկուսակցական շարժում է, ամեն ջանք պետք է դրվի միավորվելու հանուն Հայաստանի վերականգման, այսինքն՝ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները պետք է դնեն ամեն ինչ մի կողմ, ամբիցիաններն էլ, ամեն ինչն էլ, ասեն, որ եկե՛ք բոլորս այս շարժումը գլուխը բերենք, մինչև վերջ հասցնենք։ Աստծո նկատմամբ ունեցած հզոր հավատի և մի ուժով հնարավոր չէ, բայց մենք պարտավոր ենք այս շարժումն առաջ տանել և հասնել բարեփոխման»,-եզրափակեց նա։