Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ։ Երիտասարդ հայ պաշտոնյան իր ադրբեջանցի պաշտոնակցին հանդիպել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում։

Հետաքրքիր էր, արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանն իր հանդիպումը համաձայնեցրել կամ կոորդինացրե՞լ էր ՀՀ վարչապետի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության հետ, թե՞ գործել է ինքնագլուխ` հանդիպելով մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է Հայաստանի համար իր օդային տարածքը և սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով տվյալ հարցին, ասաց, որ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի 1230Ն որոշման՝ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացվել է վերոնշյալ գործուղումների մասին, որոնք վերաբերում էին հաշվետվության մեջ նշված բազմակողմ միջոցառումներին մասնակցությանը:

«Վերջիններիս շրջանակներում կայացած Ձեր կողմից հարցված հանդիպումները նախապես ծրագրված չեն եղել և կրում էին ոչ ֆորմալ բնույթ»,- նշեց Աննա Նաղդալյանը։

Նյութի աղբյուր՝ 168.am