«Փաստ» թերթը գրում է.

«Երեխան նվեր է ուզում, ծնողը գնում է այն կամ էլ, եթե Ամանոր է, Ձմեռ պապիկն է բերում: Աննկարագրելի է երեխայի ուրախությունն ու հրճվանքը, աչքերի փայլը: Նա կարող է ամբողջ օրն իր խաղալիքը գրկած՝ նստել, կամ անընդհատ այդ նոր խաղալիքով զբաղվել: Այդպես մեկ օր, երկու, երեք, լավ, մեկ շաբաթ, մեկ ամիս: Հետո՞:

Հետո երեխան կհոգնի այդ խաղալիքից ու կցանկանա նորը, սակայն հնարավորություններն անսպառ չեն մի կողմից, եւ վերջապես ծնողը չի ցանկանում չափից ավելի երես տալ՝ մյուս կողմից: Ծանոթ պատկեր է, չէ՞: Իհարկե, ծանոթ է: 

Բայց այս օրերին այս պատկերն անընդհատ աչքի առջեւ է գալիս՝ հետեւելով պաշտոնների նշանակման քննարկումների ընթացքին ու այդ ընթացքում որոշ պաշտոնյաների «դեմքի արտահայտությանը»: Ժամանակին իր սիրած խաղալիքը նվեր ստացած, հետո հոգնած, նորի ակնկալիքն ունեցող, բայց հույսը կտրած երեխայի վիճակում են: Դե, պաշտոնը խաղալիք չէ, ուզես, չուզես, վայելելուց զատ (հիմա ավելի շատ այդ վայելքը սոսկ բարոյահոգեբանական կամ ամբիցիաների բավարարման տեսակետից են) կարիք կա աշխատել, պատասխանատվություն ստանձնել:

Դե, բոլորը չէ, որ դիմանում են դրան, ոմանք շուտ են հոգնում, ոմանք բազմազանություն են սիրում: Բայց դե, պետական ինստիտուտներն այնքան էլ առաձգական չեն (մի քիչ), ու բոլորին նոր «խաղալիք» չի հասնի, առավել եւս նրանց, ովքեր նախկին խաղալիքը արագ կոտրել կամ փչացրել են: Եվ հետո, գուցե ծնողը ոչ թե մեկ երեխա ունի, այլ բազմազավա՞կ է: Այդ դեպքում գործերն ավելի բարդ են, քան թվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում