«Իմ քայլը» դաշինքը ապագա կառավարության կազմը դեռևս չի քննարկել: Այդ մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության  նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը շարունակելու է նախարարի պաշտոնավարումը:

Պատասխանելով հարցին՝ ցանկանո՞ւմ է վերցնել պատգամավորի մանդատը, թե՞ մտադիր է գործադիրում շարունակել աշխատանքը, Հարությունյանն ընդգծեց. «Ես իմ գործը շատ եմ սիրում»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 19-ին քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների, ինչպես նաև խմբակցության ղեկավարի և որոշ հանձնաժողովների նախագահների նշանակման հարցը:

ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավարի պաշտոնում քննարկվում է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի անունը, իսկ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը քննարկումից հետո հայտարարել է, որ կգլխավորի ԱԺ կրթության մշակույթի և Սփյուռքի հարցերով հանձնաժողովը: