Շուրջ մեկուկես ամիս առաջ համաներման մասին նախագիծը միաձայն ընդունվեց, բանտերը սկսեցին օրեցօր դատարկվել։ Սակայն այս հանգամանքը ոչ բոլորի կողմից միանշանակ ընդունվեց։ ԼՈւՐԵՐ․com ահազանգած քաղաքացին իր վրդովմունքն արտահայտեց համաներման օրենքի վերաբերյալ, որի «շնորհիվ» ազատ են արձակվում նույնիսկ ծանր հանցագործություն կատարածներն ու մարդկային կյանքեր խլածները: Ըստ նրա՝ մեղավորը օրենքը մշակողներն են, որոնք համաներման նախագիծը մշակելիս հաշվի չեն առել մահվան ելքով դեպքերը։ 

«Նախորդ օրը դատարանն ազատ է արձակել մեր ընտանիքին դժբախտություն բերած ավտոմեքենայի վարորդին։ 2017թ․ օգոստոսի 19-ին, Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին հանդիպակաց կողմից եկող վարորդի անփութության պատճառով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են 9-ամյա աղջիկս՝ Սիրանուշ Վարդումյանը և սկեսրայրս՝ 58-ամյա Գագիկ Վարդումյանը։ Միայն տղայիս է միջին ծանրության վնաս պատճառվել։ Սկեսուրիս ոտքերն էին կոտրվել, իսկ իմ և ամուսնուս առողջությանը թեև ծանր վնաս է հասցվել, սակայն ոչ կյանքին վտանգ սպառնացող։ Վթարից մեկ շաբաթ հետո ծանր վնասվածքների հետևանքով մահացել էր նաև այդ վարորդի կինը, իսկ ինքը և որդին ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել»,- մեզ հետ զրույցում պատմեց Հերմինե Գասպարյանը:

Վերջինիս վրդովվեցրել է այն, որ թեև Առաջին ատյանի դատարանը դատել է 5 տարվա ազատազրկման, 7 մլն դրամ քաղհայցը բավարարվել է և բողոք ներկայացրել Վերաքննիչ դատարան, այնինչ, 2 օր առաջ տեղի ունեցած Վերաքննիչի դատի ժամանակ դատախազը հայատարարել է, որ «ընտանիքին դժբախտություն բերած վարորդը» ազատ է արձակվում համաներմամբ։ 

Այս օրերին սոցցանցերում հաճախ են անդրադառնում այս երևույթին։ Նման մտահոգություն է հայտնել նաև ֆեյսբուքի օգտատերերից մեկը, այս անգամ ևս խոսքը մահվան ելքով ավտովթարի մասին է․ «Չգիտեմ՝ ոնց անվանեմ էս երևույթը։ Կենտրոնի դատարանի շենքից բաց թողնվեց «մարդը», որը սպանել էր մի տարի երեք ամսական տղայիս (խոսքը սույն թվականի ապրիլի 23-ի վթարի մասին է)։ Հա, հա, սխալ չհասկացաք, ազատ է արձակվել էն «մարդը», որը լկտիաբար քշելով, խփել է մեր տաքսու մեքենային ու փախել, հանձնվել երկու օր հետո, երբ ամբողջ համացանցով մեկ տարածվել էր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, այն «մարդը», որը չի բարեհաճել նույնիսկ գա հիվանդանոց ու հետաքրքրվի՝ ոնց են տուժածները կամ գոնե ներողություն խնդրի, ինչը լիովին բնութագրում է նրա տականք լինելու փաստը: Ո՛չ, դատարանը, մեղադրողը կամ դատավորը ծախված չեն, ու էդ մարդիկ պատշաճ ձևով են կատարել իրենց պարտականությունները, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից։ Մեղավորը մեր օրենքներն են, որ նման արարքներին տալիս են շատ մեղմ պատիժ (եթե իհարկե տալիս են), մեղավորը մարդիկ են, որ համաներման նախագիծը մշակելիս մահվան ելքով դեպքերը հաշվի չեն առել։ Արդյունքում էլ ունենք էն, ինչ ունենք (շաբաթական մոտ 5-6 զոհ ճանապարհներին): Կկրծեմ բոլոր նման վիժվածքների կոկորդը կկրծեմ։  Փոքր երեխայի կյանքը, ցավոք, այդքան գին չունի, որ մեղավորը պատժվի...»,- նշում է 1,3 տարեկան երեխային կորցրած մայրը։

Նկատենք, որ երեկ, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով համաներմամբ ազատվածներին՝ նշեց, որ նրանց մեջ արդեն կրկնակի հանցագործություն կատարածներ կան։ Ազատվածների տվյալները կհրապարակվի հունվարին, երբ ամփոփված կլինի 2018թ.-ը:

Սոնա Հարությունյան