Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վաղ առավոտից Մշակույթի և Սպորտի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ ի նշան կառավարության այն նախագծի, ըստ որի՝ մի շարք նախարարություններ լուծարվելու կամ միավորվելու են: 

«Մեր նախարարությունում այս պահի դրությամբ աշխատանքային մթնոլորտ է, և մենք կենտրոնացած ենք շատ պատասխանատու և տարվա ամփոփում գնահատականի արժանի միջոցառման վրա»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե նախարարությունների կրճատումների մասին՝ կառավարության նախագծում ներառված է նաև իրենց նախարարությունը, ի՞նչ մթնոլորտ է իրենց մոտ այս լուրը ստանալուց հետո:

Մարտիրոսյանը նշեց, որ «ՀՀ 10 լավագույն մարզիկ» մրցույթը պատվով ավարտելուց հետո, ի հայտ եկած տրամադրությունների մասին հավելյալ կտեղեկացնի: 

«Մենք այժմ նախընտրում ենք լավագույնս ներկայանալ այս միջոցառմանը և գործադուլների և  ցույցերի մասին առայժմ չենք մտածում»,- հավելեց Աստղիկ Մարտիրոսյանը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը ևս մեզ հետ զրույցում նկատեց, որ նախարարությունում գործադուլի կամ ցույցերի տրամադրվածություն չկա, և որ աշխատանքային բնականոն հունը պահպանվում է: 

Նշենք նաև, որ համաձայն կառավարության որոշման՝ նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Մասնավորապես, լուծարվում է Սփյուռքի նախարարությունը։ Ստեղծվելու է ենթակառուցվածքների և պետգույքինախարարություն։ Այս նախարարությունն իր մեջ ներառելու է տրանսպորտի, էներգետիկայի և պետգույքի ոլորտները։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դառնալու է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Նախատեսվում է նաև, որ կմիավորվեն Տնտեսական զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունները։ Նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ։ Մշակույթի, Սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվելու են Կրթության և գիտության նախարարության հետ։ 

Նշենք նաև, որ վերը նշված նախարարույթուններին միացվող կառույցների աշխատակիցները փաստացի գործազրկության վտանգի առաջ են կանգնած  և այժմ էլ շարունակվող ցույցի ժամանակ ընդգծում են, որ խնդիրը չկարգավորելը կհանգեցնի զանգվածային արտագաղթի:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ