ՀՀ նոր իշխանությունների կողմից նախատեսված նախարարությունների վերակազմավորումը և դրանց թվի կրճատումը հակասական հարց է։ Վերջին կես տարվա ընթացքում նախարարությունների վերակազմավորման և դրանցից մի քանիսի լուծարման մասին խոսակցությունները չեն դադարում, իսկ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության կազմում առաջարկվող փոփոխությունները։ Մասնավորապես, նախարարությունների թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կկրճատվի։
 
Նման որոշումը, ինչպես և սպասվում էր, ռեզոնանսային եղավ: Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում նախարարությունների շենքի մոտ՝ պահանջելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ հետ կանգնել գերատեսչությունների օպտիմալացման իր ծրագրից: Ինչպես արդեն ասվել է, այդ ամենի միակ երաշխավորված օգուտը` ֆինանսականը, ձեռք է բերվել աշխատանքից հեռացված հազարավոր մարդկանց փոխարեն, որոնցից քչերը հնարավորություն կունենան աշխատանք գտնել ողջամիտ ժամկետներում։

Կկարողանա՞ արդյոք նոր պետական իշխանությունը, որը մինչև հիմա չի ներկայացրել ոչ թե հասկանալի, այլ ընդհանրապես ինչ-որ սոցիալ–տնտեսական հայեցակարգ, լուծել այդ խնդիրը։ Փառք ու պատիվ, եթե կարողանա, բայց տվյալ փուլում գործազուրկների հսկայական բանակի հայտնվելը (որոնց շարքում կլինեն բարձրակարգ մասնագետներ) շատ տագնապալի հեռանկարներ է բերում։

Բացի այդ, շատ է խոսվում նաև այն մասին, որ կրճատվելու են նաև ԾԻԳ-ում և ՊՌԱԿ-ներում աշխատող տասնյակ քաղաքացիներ: Եթե պետության կողմից չլինի համապատասխան օժանդակություն, վաղը աշխատակիցներին կրճատելու որոշումներ կարող են կայացվել նաև մասնավոր սեկտորում: Իհարկե, Փաշինյանը կարող է մի քանի հարյուր մարդու գործազուրկ դարձնելու, մի քանի օլիգարխի ասֆալտին փռելու և կուլակաթափելու շնորհիվ՝ օրինակ՝ ցույց տալ պետական պարտքի նվազում, սակայն արդյո՞ք դա խնդրի լուծում է: Հատկապես, որ ԾԻԳ-երի և ՊՌԱԿ-ների փակումը բերելու է մի իրավիճակի, երբ Հայաստանին պարզապես կդադարեն վարկեր տրամադրել: Ի՞նչ է անելու այդ դեպքում Փաշինյանը և նոր կառավարությունը: Կարծես թե կառավարությունը չունի լուծում, չունի կադրային բազա և ֆինանսական միջոցներ և կրկնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերը, պարզապես՝ ավելի մասշտաբային:
 
Ինչպես երևում է՝ եթե այդպես շարունակվի՝ հաջորդ հեղափոխությունը Հայաստանում անելու են ոչ թե քաղաքական ուժերը, այլ գործազուրկները…
 
Ստելլա Խաչատրյան