ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը  քիչ առաջ հանդես եկավ մամուլի ասուլիսով և ներկայացրեց  պաշտպանական թիմի կողմից առաջիկայում նախատեսվող քայլերը։

Ալումյանը նախ ընդգծեց, որ դատավորի ընտրությունը Վերաքննիչ դատարանում, դատավարության ամբողջ ընթացքը, և դատավորի կողմից կայացված որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով։ Ըստ Ալումյանի՝ դատավորը, չպատասխանելով մի շարք փաստարկների, պարզապես գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ դրանց եւ չկարողանալով հերքել, տպավորություն է ստեղծել, որ դրանք գոյություն չեն ունեցել։ 

«Դատավորի ընտրությունը վիճակահանությամբ է եղել, սակայն իրենց ոչ մի արձանագրություն չեն ներկայացրել այդ վիճակահանության վերաբերյալ։ Քննիչի բացարկը բավականաչափ հետաքրքրական էր․ նա ասաց, որ դատավորի համար գործը բավական բարդ է եւ դատավորին ակնարկեց, որ գուցե իր ուժերից վեր կլինի այս գործով կայացնել օրինական որոշում։ Դատավորն իրեն վիրավորված համարեց քննիչի այս ակնարկներից եւ այս բացարկն անգամ չքննարկեց, բայց հիմա տեսնում ենք, որ ավելի լավ կլիներ քննարկել»,- մանրամասնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական  դատարանը որոշումը կայցրել էր դեկտեմբերի 7-ին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել: