««0038» հրամանը չի ներկայացնում որևէ խնդիր։ Այն չի առաջացրել որևէ հակասահմանադրական կամ հակաիրավական իրավիճակ, ընդհակառակը՝ «0038» հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումն օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ ու նրանք սկսեն մասնակցել քաղաքական պրոցեսներին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան  Հայկ Ալումյանը։

Ալումյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ «0038» հրամանը կանխարգելիչ ուժ է եղել քաղաքական պրոցեսներին բանակի ներգրավման համար։  Նա ընդգծեց, եթե հրամանի ամբողջ տեքստը հասանելի դառնա, ապա կպարզվի, որ այն որևէ բացասական արդյունքներ չի առաջացրել․««0038» հրամանը Մարտի 1-ին ծառայել է ակնկալվող նպատակին»։

««0038» հրամանը Մարտի 1-ի հետ ընդհանրապես կապ չունեն։ Չնայած սրան ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը ժամանակ առ ժամանակ նորանոր փաստաթղթեր են ներկայացնում, ճիշտ է, ոչ այնքան կոռեկտ մեկնաբանություններով և հանրությանը մոլորության մեջ պահելով, սակայն գնալով ավելի դժվար է դառնալու նրանց համար ճշմարտությունը թաքցնել»։

Ալումյանը վերջում հավելեց, որ իր վստահոդի՝ Ռոբերտ Քոչարյանի մասով տարվող աշխատանքները համարվում են քաղաքական հետապնդում, քանի որ անձի նկատմամբ քաղաքական նկատառումներից ելնելով  իրավական դաշտում վարվում են այլ կեպ, քան մինչ այդ վարվել են ուրիշների հետ։