Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ:Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: 

Նա նշեց, որ Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար էլ եղել է փորձ՝ առերեսել իրենց, որը ձախողվել է: Ձախողման պատճառները Ալումյանը չուզեց մանրամասնել:Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի ցուցմունք տալուն և հենց այժմ խորհրդական նշանակվելուն, ապա Ալումյանը միանշանակ չգիտեր՝ մեկը մյուսի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ:  

«Արշակ Կարապետյանը նաև եղել է թիվ 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը: Թե ինչու է հիմա նշանակվել խորհրդական, դա ես չեմ կարող մեկնաբանել, բայց ես կարող եմ միայն ենթադրել՝ որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից ելնելով, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ՝ քրեական գործի շրջանակներում: Այսինքն՝ պայմանով, որ քրեական գործի շրջանակներում այս կամ այն անձը որոշակի վարքագիծ կդրսևորի, իրեն տալիս են որոշակի արտոնություններ: Ես այդպիսի դեպքեր, ցավոք, տեսել եմ, հատկապես այն գործերով, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ: Չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից է, բայց հակառակն էլ ինձ դժվար կլինի համոզել»,- նշեց Ալումյանը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին հինգ օր շարունակված դատական նիստում Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողել առաջին ատյանի՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Նույն օրը Քոչարյանն ինքնակամ ներկայացել էր ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քկհ և կալանավորվել: