Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Լուսակերտի ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը:

Շրջայց կատարելով ուսումնական կենտրոնի տարածքում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ կենտրոնի շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով փրկարարների վերապատրաստման հարցին՝ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հատկապես կարևորեց սակրավորների պրոֆեսոնալիզմը, նշելով.

«Հրդեհի կամ այլ արտակարգ դեպքի ժամանակ փրկարարի առջև դրված խնդիրն ուրիշ է, իսկ սակրավորի խնդիրը լրիվ այլ է: Այստեղ շատ ավելի լուրջ ուսուցում է անհրաժեշտ, քանի որ սակրավորը մեկ անգամ է սխալվում, և այդ մեկ անգամը չպետք է լինի»:

ԱԻ նախարարի պաշտոնակատարի հաջորդ կանգառը Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրում էր, որտեղ Ֆելիքս Ցոլակյանը ծանոթացավ մարդասիրական կենտրոնի, դրա տարածքում տեղակայված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) և ՀՌԱԿ Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությանը: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև մարդասիրական կենտրոնի պահեստներին, որոնցում տեղակայված են ինչպես ՀՆՓԱԻԿ, այնպես էլ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի փրկարարական գույքը, սարքավորումները և հատուկ նշանակության փրկարարական մեքենաները:

Անդրադառնալով հատուկ նշանակության փրկարարական մեքենաների տեղակայման վայրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբերը պետք է պատրաստ լինեն լուրջ դեպքերի համար: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ մարզերում գրանցվող վթարները և այլ արտակարգ դեպքերը սպասարկվեն տեղի ուժերով, իսկ հատուկ նշանակության փրկարական մեքենաները անհրաժեշտ է պահել լուրջ դեպքերի համար»:

ՀՆՓԱԻ կենտրոնն ունի նաև հետախույզ-կինոլոգիական ջոկատ՝ բաղկացած 8 հոգանոց անձնակազմից: Նրանք վարժեցնում են հատուկ փրկարարական միջոցառումների համար նախատեսված 8 շների՝ 6-ը հովվաշուն, 2-ը՝ լաբրադոր ցեղատեսակի: Նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև հետախույզ-կինոլոգների աշխատանքներին: Ֆելիքս Ցոլակյանը շրջեց նաև կենտրոնի տարածքում, եղավ քիմիական պաշտպանության և սակրավորների վերապատրաստման լսարաններում:

Այստեղ նախարարի պաշտոնակատարին ներկայացվեց դասընթացների համար նախատեսված գերժամանակակից և արդիական տեխնիկական հագեցվածությունը: Նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին ներկայացվեցին նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառույթներն ու հնարավորությունները:

Աշխատանքային այցի ավարտին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի հետ քննարկվեցին և նախանշվեցին ապագայում իրագործվելիք ծրագրերը և միջոցառումները: