Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն շուրջ 10 տարի և, մինչ օրս,  Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար ներդրել է մոտ 4 մլն եվրո: Միայն 2018թ. հիմնադրամը Հայաստանին տրամադրել է մոտ 950 000 եվրո: Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը նշեց, որ պետության հետ աշխատում են համաֆինանսավորմամբ:

«Ծրագրերի մի մասը պետությունն է ֆինանսավորել, մի մասը՝ մենք: Մեր կողմից աջակցությունը տարբեր ուղղություններով է եղել: Մասնավորապես, համաֆինանսավորվել են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: Հավելավճարներ են տրվել աշխատակիցներին, գնվել են մեքենաներ, վառելիք,  արտահագուստ, անհրաժեշտ սարքավորումներ, տեղադրվել են տեսախցիկներ և կատարվել են այլ ծախսեր, որոնք խիստ անհրաժեշտ են պահպանվող տարածքների նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար»,-ասաց Արման Վերմիշյանը: Արդյունքում կայունացել է բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական վիճակը, բարելավվել տարածքների պահպանությունը:

Արման Վերմիշյանն առանձնացրեց հատուկ պահպանվող տարածքներում լուսանկարչական և տեսախցիկների տեղադրումը: Նրա խոսքով՝ այս տարի այդ համատեքստում հաջող փորձ են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկում:

«Բուն Արփի լիճն առցանց տեսահսկման տակ է գտնվում: Հաջորդ տարի այդ ուղղությամբ գումարներն ավելացվելու են: Դա շատ կարևոր է, որովհետև կան հատվածներ, որոնք անմատչելի են, և տեսախցիկների առկայությամբ կարող ենք տեսնել, թե այդտեղ ինչ է կատարվում: Դրանից բացի՝ ծախսերի նվազում է կատարվում, կառավարումն է բարելավվում»,-ասաց Արմեն Վերմիշյանը: Նա ընգծեց, որ տեսախցիկներն օգնում են, որ հատուկ պահպանվող տարածքներում նվազեցվեն անօրինական գործողությունները՝ որսագողությունը, ծառագողությունը: Դրանք ցույց են տալիս կենդանիների քանակն ու վարքը:

Անդրադառնալով հատուկ պահպանվող տարածքների խնդիրներին՝ Արման Վերմիշյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունների կարիք կա: Կիրառվող մոդելը ժամանակին իրեն արդարացրել է, հիմա նոր փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մասնավորապես, կա անօդաչու սարքերի կիրառման, հեռակառավարվող կողպեքների կարիքը, այսինքն՝ մաքսիմալ ձևով ինստիտուցիոնալ լուծումներ տրվեն, որ շատ գործոններ մարդկանցից կախված չլինեն: