«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը դատի է տալիս Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին՝ անօրինական գաղտնալսումների համար: 

«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երեւում էր, որ 2014թ. եւ 2015թ. իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որեւէ հիմք չի եղել»,-այս մասին հայտարարել է Եղնուկյանն ու հավելել, որ իր կամքից անկախ, առանց որեւէ հիմքի, իր մասին տարիներ շարունակ տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում․ դրանք չեն ոչնչացվել եւ անօրինական պահվել են հետագայում իր դեմ օգտագործելու համար:

«Եթե իմ նկատմամբ չկայացվի արդարացման դատավճիռ, ապա ես չեմ կարող ծանոթանալ իմ եւ ընտանիքիս անդամների գաղտնալսումների արդյունքներին: Սա նշանակում է, որ պետությունը շահագրգռված չէ ինձ արդարացնելու հարցում, քանի որ այդ դեպքում ես կպահանջեմ այդ տվյալները եւ կբացահայտվի անօրինությունը եւ պետական շատ մարմիններ պետք է պատասխանատվության ենթարկվեն ինձ ապօրինի գաղտնալսելու համար»,-ասել է նա:

Ըստ Կարո Եղնուկյանի՝ ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն խախտում են իր՝ ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ, որ նա ենթարկվել է խտրական վերաբերմունքի:

Հիշեցնենք, որ 2016թ․ հուլիսի 20-ին ԱԱԾ-ն խուզարկություն անցկացնելու մասին որոշմամբ մուտք էր գործել Կարո Եղնուկյանի բնակարան, խուզարկել, առգրավել Եղնուկյանի հակամարգիչներն ու ձերբակալել նրան։ Եղնուկյանին մեղսագրվում էր պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը։