Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն իրականացվող ցույցերի պատճառով մտավախություն կա, որ հիվանդանոց տեղափոխելու դեպքում ցուցարարները, պրոֆեսիոնալ ակտիվիստների ուղղորդմամբ, կարող են գնալ հիվանդանոցում խանգարել այլ մարդկանց բուժումը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնության աշխատակիցն էլ արձանագրել է, որ ստացիոնար բուժման կարիք կա. «Ստիպված հրաժարվել ենք այդ ստացիոնար բուժումից, որպեսզի չբորբոքենք պրոֆեսիոնալ ակտիվիստների կողմից կազմակերպված ցույցի մասնակիցներին»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպվող ցույցերի նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ վրեժխնդրությունը. «Ուր էին այդ ցուցարարները, երբ Մանվել Գրիգորյանը պատերազմի տարիներին եղել է Արցախում և անգամ եղբոր թաղմանը հնարավորություն չի ունեցել մասնակցելու. դիրք է պահել: Այդ մարդիկ, որոնք հեռու են եղել այդ շարժումից, սահման պաշտպանելուց, այսօր պահանջում են, որ Արցախի հերոսի նկատմամբ իրականացվի վենդետա և հարցը նրանում է, որ մարդիկ չգիտեն, որ գրավի կիրառումը կալանքի վերացում չէ, դա այլընտրանքային խափանման միջոց է»:

Մկրտչյանը նաև նշեց, որ կալանավորումից հետո Մանվել Գրիգորյանը դարձել է ինսուլինակախված մարդ և կալանավայրում ինսուլինը երկու անգամ ստանալու փոխարեն ստացել է մեկ անգամ.  «Այժմ մարդը, գտնվելով ազատության մեջ՝  հնարավորություն ունի գոնե 2 անգամ ինսուլին ստանալու, ինչով հնարավոր կլինի կայունացնել շաքարային դիաբետի ցուցանիշը, սակայն ակցիաները դրա դեմ են: Տպավարությունն այնպիսին է, որ ցուցարարներին ոչինչ չեն բացատրում, որ, ըստ էության՝ բողոքում են ու պահանջում, որ Մանվել Գրիգորյանը ենթարկվի կտտանքների և դանդաղ մահ պատճառեն մեկուսարանում»,-նշեց Արսեն Մկրտչյանը:

Պաշտպանի համար անհասկանալի է դատախազության դիրքորոշումը, քանի որ նրա պդնմամբ, դեռևս դատական ակտը չստացած, դատախազությունն արդեն շտապում է հայտարարել, որ դատական ակտը հիմնավորված չէ: «Այսինքն, արդեն իսկ կողմնակալ վերաբերմունք է դրսևորել դատախազությունը: Ստացվում է՝ արդարադատության որակը ընկնի, միայն թե փողոցը գոհ մնա: Այստեղ Մանվել Գրիգորյանի կանքի իրավունքն է վտանգված»,-նշեց փաստաբանը

Ամփոփելով՝ Մկրտչյանը հայտնեց, որ նաև դիմելու են ՄԻԵԴ, քանի որ այլընտրանք չունեն: