Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացրել էի հետեւալ առաջարկները 2019 թվականի Երեւան քաղաքի զարգացման ծրագրում եւ բյուջեում ներառելու համար եւ ստացել եմ հետեւալ պատասխանները:

Այս մասին ֆեյբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը:

«1․ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան h. 10 շենքի 1-ին, 2-րդ մուտքերի վերկանգնման-ամրացման աշխատանքների իրականացում։

✔️Առաջարկն ընդունվել է։ Արզումանյան 10 շենքը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է, ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան։ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվում է ներդրումային ծրագիր՝ համայնք-մասնավոր համագործակցությամբ նոր բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Սակայն շենքի սեյսմիկ վիճակի վատթարացման պարագայում կքննարկվի շենքի առաջին եւ երկրորդ մուտքերի վերականգման եւ ամրացման հարցը։ Երեւանի զարգացման 2019 թ․ ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացել։

2․Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրում, ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձեւակերպում, տանիքի եւ բազրիքների տեղադրում։ Երկարաժամկետ պլանում դիտարկել նաեւ շենքում վերելակ տեղադրելու հարցը։

✔️Առաջարկն ընդունվել է։ Նազարբեկյան 48 շենքի (9 հարկանի) շենքի 9-րդ հարկը եւ տանիքը կառուցված չեն, տեղադրված չեն վերելակները, մուտքերի բազրիքները եւ մուտքերը հարդարված չեն։ Հաշվի առնելով, որ շենքը կիսակառույց է, առաջարկում ենք 2019թ․ ծրագրերի շրջանակներում պատվիրել շենքի տեխնիկական վիճակի հետազոտման աշխատանքներ եւ համապատասխան եզրակացության ստանալուց հետո ձեռնարկել միջոցառումներ։ Երեւանի զարգացման 2019 թվականի ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացել։

3․ Գյուղատնտեսական մթերքների իրացման նոր շուկայի ստեղծում, որը կարող է կարգավորել բացօթյա առեւտրի խնդիրը՝ մասնավորապես քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, քաղաքի բնապահպանական, սանիտարական եւ մաքրության խնդիրը, ինչպես նաեւ՝ գյուղատնտեսական մթերքների առեւտրով զբաղվողների սոցիալական խնդիրը։

✔️Առաջարկն ընդունվել է։ Առաջարկությունը ներառված է Երեւանի զարգացման 2019 թվականի ծրագրում։ Երեւանի զարգացման 2019 թ, ծրագրի «Առեւտուր եւ սպասարկումներ» ոլորտի 2019 թվականի նախատեսվող աշխատանքներ բաժնի 6-րդ կետում նշվում է, որ մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով նախատեսվում է դրանց տեղակայման վայրերի որոշում, քաղաքաշինական փաթեթի մաշկում եւ կառուցում։

4․ Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի Շոպրոն փողոցի h. 8 շենքի տանիքի վերանորոգում։ Դիմումը ստացել եմ շենքի բնակիչներից (6-րդ լուսանկար)։

✔️ Առաջարկն ընդունվել է։ Երեւանի զարգացման 2019 թվականի Կոմունալ տնտեսության ոլորտի «2019 թվականին նախատեսվող աշխատանքներ» բաժնում նշվում է, որ կիրականացվի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 60 հազ քմ հարթ եւ 30 հազ․ քմ թեք տանիքների վերանորոգում։ Նշված հասցեն ներառված է ծրագրում։

5․ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցի h. 99 շենքի 1-ին մուտքի բարեկարգում։

✔️Առաջարկն ընդունվել է։ Երեւանի զարգացման 2019 թվականի Կոմունալ տնտեսության ոլորտի «2019 թվականին նախատեսվող աշխատանքներ» բաժնում նշվում է, որ նախատեսվում է հիմնանորոգել բազմաբնակարան շենքերի շուրջ 700 շքամուտք։ Նշված հասցեն ներառված է ծրագրում։

6․Դավթաշեն վարչական շրջանի մեջ ներառված սեփական բնակելի հատվածի 7-րդ փողոցի սկզբնամասի (16 թաղամասից դեպի այդ փողոց ընկած հատվածը) ասֆալտապատում եւ փողոցային լուսավորության ապահովում (Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ավագանու նախկին անդամ Հարություն Բաբայանի այս առաջարկը մերժվել է դեռեւս նախորդ տարի 2018 թվականի բյուջեում ներառելու համար)։

✔️Առաջարկն ընդունվել է։ Դավթաշենք վարչական շրջանի 7-րդ փողոցի սկբնամասի ասֆալտապատումը եւ փողոցային լուսավորության ապահովումը կներառվի Դավթաշենք վարչական շրջանի 2019 թվականի զարգացման ծրագրում։

7․ Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում բակի բարեկարգում, մասնավորապես նստարանների եւ խաղահրապարակի տեղադրում։

✔️Առաջարկը չի ընդունվել, քանի որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեն չունի բակային տարածք եւ կառուցված են ավտոտնակներ։ Ավտոտնակների տանիքը որպես բակային տարածք բարեկարգելու համար անհրաժեշտ է սեյսմիկ հետազոտություն։ Սակայն անմիջապես հարեւանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2) գոյություն ունի բակային բարեկարգ տարածք։

Հետեւողական եմ լինելու խոստացված աշխատանքների ամբողջ ընթացքին»,-գրել է նա: