«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ:

Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին եւ այլոց: ԿԳՆ ցանկից բժշկական համալսարանում ուրախությամբ են ընդունել հատկապես համալսարանի հիմնադիր, բժիշկ-երգահան Վահան Արծրունու թեկնածությունը՝ որպես խորհրդի արժանի նախագահ:

Սակայն այս ինքնուրույն հանդգնությունը դուր չի գալիս Արսեն Թորոսյանին, որի թիմակիցները անգամ վիրավորական արտահայտություններով մերժում են Վահան Արծրունուն:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է բուհերը պաշտոնյաներից ու կուսակցություններից հեռու պահելու եւ ապաքաղաքական լինելու հրամայականի մասին: Սակայն նրա խոսքը երիտասարդների համար, կարծես թե, այնքան էլ ընկալելի չէ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: