Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը, ԱՀ Բժշկական օգնության և քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ԱՀ Հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը,  փորձագետ Գևորգ Մուրադյանը: Հանդիպմանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարը այն երեք հիմնական ուղղություններից մեկն է, որ որդեգրել է գերատեսչությունը: «Պետք է հասկանանք, թե քաղցկեղի դեմ պայքարում ինչպես պետք է առաջ գնանք՝ սկսած կետային լուծումներց, մինչև ռազմավարական ուսումնասիրություններ, գլոբալ ներդրումներ, ինչպես նաև կազմել ռազմավարություն քաղցկեղի դեմ պայքարում: Գիտեմ, որ Ձեր ղեկավարած հիմնադրամը լուրջ աշխատանք է կատարում մանկական քաղցկեղի դեմ պայքարում և կցանկանամ, որ մենք համագործակցենք և աշխատանքը միաժամանակ ընթանա, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Աննա Հակոբյանն էլ, կարևորելով համագործակցությունը, շեշտել է, որ միայն անընդհատ  աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել լավ արդյունքի: «Քաղցկեղն այնքան բարդ ոլորտ է, որ չենք կարող այն պետության ուսերին թողնել և մեր մոտեցումն այն է, որ  ես՝ որպես վարչապետի պաշտոնակատարի տիկին, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պատրաստ եմ աջակցել և պատրաստ եմ նաև հանձնարարություններ ստանալ և կատարել ի նպաստ քաղցկեղի դեմ պայքարի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Գևորգ Թամամյանը ներկայացրել է հիմնադրամի իրականացրած աշխատանքները, տարբեր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու նաև նշել այն ուղղությունները, որոնց շուրջ հիմնադրամը նախատեսում է աշխատել առաջիկայում:

Հանդիպման ավարտին կողմերը, հետագա համագործակցությունը շարունակելու նկատառումով, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: