«Քաղաքացիների հետ պետք է ազնիվ լինել»,-այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ասաց քաղաքապետ Հայկ Մարությանին: 

Խաժակյանը Հայկ Մարությանին հիշեցրեց այն խոսքերը, համաձայն որի՝ երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային համակարգը բարեփոխելու համար։

«Երկու տարով հետաձգել կամ ասել, որ մեզ երկու տարի ժամանակ է պետք սկսելու համար ներդրման պրոցեսը, նշանակում է ձախողել  ամբողջ բարեփոխումների գործընթացը։ Այն աշխատանքը, որ կատարել էինք մենք ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ աշխատանքը ջուրը գցելը նշանակում է մեր տրանսպորտային ցանցը շարունակել թողնել կոլապսի մեջ»,-ասաց Խաժակյանը և հավելեց, որ շատ ավելի «ազնիվ կլիներ ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից դեռևս ելք չկա»:

Ի պատասխան  Դավիթ Խաժակյանի խոսքերի՝ Հայկ Մարությանը մեղադրեց նրան, ասելով, թե վերջինիս խմբակցությունը նախորդ ավագանիում ոչինչ չի արել։ 

«Դուք ստացել եք ամսական 55 հազար դրամը ու ոչ մի բան չեք արել՝ ըստ իս: Ֆինանսավարկային ու տնտեսական հարցերի հանձնաժողովն անգործության է մատնված եղել և այն զեկույցը, որ բերել են մեզ՝ ես համարում եմ անբավարար»,-մանրամասնեց Հայկ Մարությանը։

Այնուհետև Խաժակյանը  շեշտեց՝ «Ձեզ համար անցանկալի կլինի, որ տարվա վերջում քաղաքի խնդիրները վերագրեն ձեր ստացած աշխատավարձին։ Քուա՛նշ, պարոն քաղաքապետ, այդ 55 հազարի վրա։ Որևէ մեկին հանձնարարեք, պատրաստ եմ քննարկել, բանավիճել, որ որևէ կետում ասեն՝ այ էս բանը չեք արել, լավ չի եղել»: