Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ»։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաեւ Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձեւավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա:

Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ որեւէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով, նրան զրկում է արտաքին աշխարհի հետ կապից: Այսպիսի պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որեւէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը չի հիմնավորվում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաեւ անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը:

Պաշտպանի համոզմամբ՝ նման ոչ համաչափ սահմանափակումն առաջացնում է կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության իրավունքներից անհամաչափ եւ մեխանիկական զրկում:

Նշենք նաեւ, որ պայմանավորված խնդրի համակարգային բնույթով՝ Պաշտպանը դիմել է նաեւ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականությունը: Հիմնավորվել է նաեւ այդ կարգավորումների անհամապատասխանությունը միջազգային իրավաբանությանը: