Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական և վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Այս մասին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի իր գործընկերների հետ ծանոթացավ Tunnel Sadd Ariana ընկերության կողմից ներկայացված կամրջի նախագծի մի քանի տարբերակներին։ Քննարկման արդյունքում ընտրվել է լավագույն տարբերակը, որի առնչությամբ առաջարկվել են որոշ լուծումներ և փոփոխություններ։ Մասնագետները տվել են իրենց մեկնաբանությունները, որոնք նախագծողը պետք է հաշվի առնի նախագծի վերջնական տեսքի բերման ժամանակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև կառուցվելիք կամրջի լայնական և երկայնական կտրվածքներին, տեղադիրքին, թեքություններին և այլ խնդիրների։