Ռուսական Vedomosti պարբերականը այս տարի ևս անցկացրեց իր ավանդական հատուկ պրոյեկտը, որի նպատակն էր պարզել «Տարվա Մարդ» նոմինացիայի հաղթողին՝ ըստ պարբերականի ընթերցողների քվեարկության: Քվեարկությունը օնլայն է անցկացվել, պոտենցիալ թեկնածուներն էլ, որոնց միջև պետք է կատարվել ընտրությունը, ներկայացրել է հենց պարբերականը:

Ըստ այդմ՝ ռուսական մեդիա հսկան տարվա մարդ տիտղոսը շնորհել է այս տարի Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած և վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանին:

Ուշագրավն նաև այն է, որ հաղթողին նվիրված իր կարճ անդրադարձում Vedomosti-ին Հայաստանում տեղի ունեցած գործընթացը անվանել է հերթական «գունավոր հեղափոխություն»:

Պարբերականը նշում է, որ անցնող տարին նշանավորվեց հեղափոխությամբ հետխորհրդային տարածքում, որն այս անգամ տեղի ունեցավ  Ռուսաստանի դաշնակից Հայաստանում: «Վեդոմոստի»-ն ներկայացնում է հեղափոխության հետ կապված զարգացումները՝ նշելով, որ դրանք սկսվեցին մարտին, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ արտահայտելով իրենց բողոքը գործող իշխանություններին:

«Երեւանի կենտրոնում տեղի ունեցած  հանրահավաքները, որոնք ծավալվեցին նաև Հայաստանի մյուս մարզերում, փողոցները, կառավարության շենքերը փակելը հանգեցրեց նրան, որ այդ ժամանակ իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»,- նշում է պարբերականը:

Ամփոփելով իրադարձությունները՝ պարբերականը նշել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով,  Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը:

«Վեդոմոստի» պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» բաժնում առաջարկել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թեկնածությունը:

Պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգից բացի սահմանել է նաև «Տարվա գործարար», «Տարվա պրոֆեսիոնալ», «Տարվա անհատ», «Տարվա մշակութային հերոս», «Տարվա զոհ» անվանակարգերը:

Այս առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:

Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա»: