SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի նկատմամբ։
Քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիմնարկի պետի նախկին տեղակալի կինը՝ Կարինե Հայրապետյանը, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետ Ա. Աֆրիկյանի հետ 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որով Կ. Հայրապետյանն ընդունվել է գործի ինֆեկցիոն բաժանմունքում՝ որպես բժիշկ-ինֆեկցիոնիստ։

Քննչական բաժնում պարզել են, որ մինչև օրս Կ. Հայրապետյանն աշխատանքի չի ներկայացել և պայմանագրի կնքումից հետո ընկած ողջ ժամանակահատվածի համար իր անվամբ փոխանցել է աշխատավարձ, որի գումարը կազմում է 2 մլն 164 հազար դրամ։