Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման, Իդլիբում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիային առնչվող այլ կարևոր օրակարգային հարցեր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մենք ևս մեկ անգամ հնարավորություն կունենանք քննարկել իրադրությունն Իդլիբի շրջանում»,- հայտարարել է նա՝  նշելով, որ քննարկվող հարցերի շրջանակում են լինելու նաև այն համաձայնագրերը, որոնց շուրջ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը հաջողությամբ ավարտված է, ուստի իրենք հեռանում են Սիրիայից: