Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Հայտարարության մեջ նշվում է․

«Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, ինչը մարդկային կյանք խլեց և ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:

Մենք վստահ ենք, որ հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կպատժվեն օրենքի ուժով:

Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ առկա է միջմշակութային ներդաշնակություն և բացառիկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

Հուսով ենք, որ ԶԼՄ-ները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները և սոցիալական ցանցերում չեն տարածի չհաստատված տեղեկություն, ինչը կարող է ազդել հանրային կարծիքի վրա, և այս ողբերգությունը դարձնել ազգամիջյան հակամարտության պատճառ»,- ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացել էր մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել էին, կասկածյալներից երեքը հայեր են: