Երեկ՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ, 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Ռ. և Օ. Մաթևոսյանները նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում իրենց տանը ինքնասպանություն գուրծելու նպատակով խմել են «Ագրոֆոս Սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամսուսիններ են: