Հունվարի 7–ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել Երևանում։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անրդադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին և Կարագանդայում աղմուկ բարձրացրած միջադեպի մասին։

Փաշինյանը նախ նշել է, որ կառավարության հավանական կազմը չեն քննարկել, խմբակցության կանոնադրությունը և դրա հետ կապված հարցեր են քննարկվել: Այնուհետև ցավակցելով Կարագանդայում զոհվածի հարազատներին, ընդգծել է․«Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ ենթատեքստ, որովհետեւ ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, եւ մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի մեջ, նաեւ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել, այնպես որ ազգամիջյան որեւէ կոնտեքստ լինել չի կարող»։

Ինչ վերաբերում է գազի գնին, Փաշինյանը նշեց․«Մենք շարունակելու ենք բանակցությունները և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար։  Իրանից գազ բերելու հարցը միշտ քննարկվել, քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել»: