ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը գտնում է, որ իրենց պաշտպանյալը կալանքի տակ ընդհանրապես պիտի չգտնվի: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը միջանկյալ միջոց է մինչև մնացած հարցերի Վճռաբեկ դատարանում լուծում ստանալը: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մենք ընդհանրապես գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ դիմել ենք Վճռաբեկ դատարան այդ հարցով, և դեռ պարզ չէ , թե Վճռաբեկ դատարանն երբ լուծում կտա այդ հարցին,  դա միջանկյալ միջոց է մեր կողմից: Մենք  դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի՝ մինչև մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան»,- ասաց Ալումյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: