Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշման մասին պաշտպանական կողմը տեղեկացել է միայն երեկ, այն էլ՝ մամուլից։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Image result for փաստաբան Միհրան Պողոսյան

Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկման նիստի օրվա մասին իրենք տեղյակ չեն եղել, հետևաբար, չեն մասնակցել նիստին․ «Երեկ, աշխատանքային օրը սկսելիս, անմիջապես զանգահարել եմ քննիչին, քանի որ նախորդ տարեվերջին տեղեկություններ տարածվեցին, որ մեղադրանքը լրացվել է ինչ-ինչ դրվագներով, որոնց մասին տեղեկություն չունեինք։ Քննչական մարմնի զբաղվածության պատճառով, երեկ երեկոյան մամուլից տեղեկացա, որ դատարանը դեկտեմբերի 30-ին հապճեպ կալանավորման որոշում է կայացրել՝ կոպտորեն խախտելով պաշտպանական իրավունքը, ինչպես նաև անտեսվել է քրեական դատավարության այն նորմը, ըստ որի՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի կալանքի միջնորդությունը քննարկվում է պաշտպանի պարտադիր մասնակցությամբ»,- նշեց Պողոսյանը

Նրա գնահատմամբ՝ սա իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող հետապնդման ցայտուն դրսևորում է․ «Արդեն իսկ դիմում եմ ներկայացրել որոշում կայացրած դատարան՝ խնդրելով ինձ տրամադրել ինչպես որոշման, այնպես էլ ներկայացված նյութերի պատճենները, որից հետո մեր գործողությունները ըստ հերթականության կիրականացնենք»,-ասաց Միհրան Պողոսյանը։ 

Անդրադառնալով իր  պաշտպանյալի հայտարարությանը, թե նրա դեմ գործընթացներում անձնական վրեժխնդրություն կա, Պողոսյանը նշեց․ «Հետապնդում բառը պատահական չեմ օգտագործում։ Դրանք օբյեկտիվորեն տեղի ունեցող իրադարձությունների հիման վրա հիմնավոր ենթադրություն է։ Երբ որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում ինքնանպատակ լինելու հիմքով կալանքը վերացնելու մասին, հենց դրա բողոքարկման ժամկետում, երբ Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ չի բողոքարկելու այդ որոշումը, այլ որոշում է կայացվում մեղադրանքը լրացնելու, ընդ որում՝ դատարանը մեկուսացնում է պաշտպանական կողմին ու որոշում է կայացնում կալանքը կիրառելու մասին։ Այստեղ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացների հետ, այլ պարզապես անհրաժեշտ է եղել Հարությունյանի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշման առկայությունը»,- ասաց նա՝ նշելով, որ եթե իրավական գործընթացներ տեղի ունենային, ապա պաշտպանական կողմին կծանուցեին, իրենք էլ կմասնակցեին դատավարությանը և կներկայացնեին իրենց հակափաստարկները։

Հիշեցնենք, որ նախկինում Վ.Հարությունյանը մեղադրվում էր միայն ապացույցներ կեղծելու համար, իսկ դեկտեմբերի վերջերին հայտնի դարձավ, որ մեղադրանքը լրացվել է ևս երկու հոդվածով։ Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Սոնա Հարությունյան