Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվեց: Դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դատախազությունը և քննիչը քննարկեցին այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց այդ միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի  հունվարի 10-ին՝ 14:00-ին»,- ասաց Ալումյանը:

Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝  նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: