Համաշխարհային բանկը երեկ ներկայացրեց«Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցը, համաձայն որի՝ 2018թ․ Հայաստանի տնտեսության աճը գնահատվել է 5,3%, իսկ 2019 և 2020-ին գնահատվել է 4,3% և 4,6% աճ:

Մինչդեռ Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսում է 6,5% տնտեսական աճ, իսկ 2019-ի պետական բյուջեով կանխատեսվում է 4,9% աճ: Թվերը զգալիորեն տարբեր են և այս պարագայում, կարելի է ասել, որ Համաշխարհային բանկն այնքան էլ լավատես չէ մեր տնտեսության առաջընթացի հարցում, ի տարբերություն ՀՀ կառավարության:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ն տարին կամփոփի 5,5%-ի շրջակայքում, ինչը, ըստ նրա, վատ ցուցանիշ չէ: Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանն այսպիսի իրավիճակում, երբ չկան ներդրումային ծրագրեր, թանկացել է գազը, մի՞թե կկարողանա նախ ունենալ ԿԲ-ի կանխատեսած 4.3%, ապա նաև 4.9% աճը, տնտեսագետը կարծիք հայտնեց, որ 2019թ.-ին  որոշակի դժվարություններ ենք ունենալու. «Դրանք պայմանավորված են լինելու որոշ ապրանքների թանկացմամբ, հարկային բեռի բարձրացմամբ. Օրինակ, հանրային սննդի ոլորտում շրջհարկը, ՓՄՁ-ի համար նոր սերնդի ՀԴՄ-ների պարտադիր լինելը և այլն: Գազի թանկացումը ևս բեռ է լինելու պետական բյուջեի վրա: Այն, որ տնտեսական առումով առավել բարդ տարի է լինելու՝ վկայում է նաև ՀԲ զեկույցից, որով 2019թ.-ի համար մոտ 1 տոկոսային կետով ավելի ցածր ցուցանիշ է կանխատեսվում, քան նախորդ տարի է արձանագրվել»,-մանրամասնեց Կառլեն Խաչատրյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ստեղծված իրավիճակում Կառավարությունը պետք է ամեն գնով խոշոր ներդրումային ծրագրեր կյանքի կոչի և պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը բարձրացնի։

 

Կառլեն Խաչատրյանը վստահ է՝ կառավարությունը տնտեսական աճի առավել բարձր ցուցանիշ է թիրախավորել։ «Կարծում եմ՝ ձգտում է եղել նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ որևէ կերպ չնախանշել։ Այլապես պետք էր հստակ հիմնավորել, թե առկա ռիսկերի պարագայում ինչ քայլերով ենք դրան հասնելու։ Դժվար է Կառավարության փոխարեն ասել, թե ինչպես ենք 5.5% աճն ապահովելու, բայց կարծում եմ, որ լուրջ խոչընդոտներ կան, որոնց չեզոքացմամբ է միայն հնարավոր տնտեսական աշխուժացում արձանագրել։ Եթե Կառավարությունն այդ խոչընդոտները չվերացնի, լավատեսական կանխատեսումները հազիվ թե իրականանան:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ