Հաշվի առնելով ՀՔԾ-ի անդրադարձը Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին, նաեւ այս հարցի վերաբերյալ «հետագա հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով» Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է ստեղծված իրավիճակը:

Հայտարարությունում ասվում է.

«2016 թվականի նոյեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը հոսպիտալացվել է Երեւանում սուր նեկրոտիկ պանկրեատիտ ախտորոշմամբ եւ նույն օրը կյանքի ցուցումով վիրահատվել է: Ինչպես պարզվել է հոսպիտալացումից մի քանի օր անց, Մայրապետյանի մոտ զարգացել էր այդ հիվանդության ամենածանր ձեւը, որի մահացության աստիճանը շատ բարձր է անգամ այն երկրներում, որտեղ ներդրված են այդ հիվանդության ժամանակակից բուժման եւ հնարավոր բարդությունների դեմ պայքարի բոլոր մեթոդները: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում Սամվել Մայրապետյանին ցուցաբերվել է առկա հնարավոր լավագույն բուժօգնությունը, արդեն նոյեմբերի 11-ին նա հայտնվել է մահամերձ վիճակում, եւ նրա կյանքը Հայաստանում փրկելու անհնարինության պատճառով հատուկ ինքնաթիռով կոմայի վիճակում ստիպված տեղափոխել են Գերմանիա մասնագիտացված կլինիկայում բուժումը շարունակելու նպատակով: Մոտ վեց ամիս տեւած, շատ ծանր բուժման արդյունքում բարեբախտաբար հաջողվել է փրկել Սամվել Մայրապետյանի կյանքը: Հարկ է նշել, որ բուժման  վիրահատական մեթոդը, որի շնորհիվ հաջողվել է փրկել Մայրապետյանի կյանքը, Հայաստանում ներդրված չէ. համապատասխան սարքավորումներ եւ այդ մեթոդին տիրապետող մասնագետներ Հայաստանում չկան: Գերմանիայից վերադառնալուց հետո Մայրապետյանը մշտապես գտնվել է թե՛ Հայաստանի եւ թե՛ Գերմանիայի բժիշկների հսկողության տակ:

Այժմ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: Մինչեւ կալանավորումը պարբերաբար արված հետազոտությունների, ինչպես նաեւ կալանավայրում գտնվելու ժամանակ կատարված հետազոտությունների եւ դատաբժշկական փորձաքննության շրջանակներում արված հետազոտությունների համադրումը թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այդ քարը առաջացել է Սամվել Մայրապետյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ: Այս վտանգի մասին բազմիցս բարձրաձայնել են անվանի բժիշկ- մասնագետները, եւ դրա մասին Մայրապետյանի փաստաբանները միշտ տեղյակ են պահել պատկան մարմիններին, սակայն դա որեւէ արդյունք չի տվել:

Ընդհանուր լեղածորանում քարի առկայությունը Մայրապետյանի պարագայում կրում է շատ լուրջ վտանգ, քանի որ այդ քարը կարող է ցանկացած պահի փակել ընդհանուր լեղածորանը, ինչն արդեն իսկ տարած ծանր հիվանդության եւ քրոնիկ բորբոքման վիճակում գտնվող ենթաստամոքսային գեղձի պարագայում շատ բարձր հավանականությամբ կբերի բուն հիվանդության կայծակնային սրացման, ինչի դեմ պայքարելու անհրաժեշտ միջոցներն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանում, ցավոք, չկան:

Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում քարը հայտնաբերելուց հետո երկու անգամ հավաքվել է մեծ հարգանք վայելող, այդ ասպարեզի անվանի բժիշկ- մասնագետների կոնսիլիում: Հայաստանի առաջատար կլինիկաների անվանի տասը  բժիշկ-մասնագետ, այդ թվում՝ ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, կլինիկաների ղեկավարներ եկել են ընդհանուր եզրակացության, որ հարկավոր է շտապ կատարել էնդոսկոպիկ համապատասխան միջամտություն եւ հեռացնել քարը Մայրապետյանի լեղածորանից: Խնդիրն այն է, որ նշված միջամտության զարգացող ամենատարածված բարդացումը սուր պանկրեատիտի զարգացումն է՝ նույնիսկ մինչեւ այդ պանկրեատիտ չտարած հիվանդների պարագայում: Այդ բարդության զարգացումը շատ ավելի հավանական է դառնում նշված միջամտության կրկնակի կամ բազմակի լինելու պարագայում: Հաշվի առնելով Սամվել Մայրապետյանի տարած հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը եւ այն, որ նրան Գերմանիայում բուժման ընթացքում բազմիցս արվել է ներկայացված միջամտությունը՝ կոնսիլիումը եկել է այն եզրահանգման, որ շատ բարձր է էնդոսկոպիկ միջամտության արդյունքում բազմաթիվ բարդությունների առաջացման հավանականությունը, որոնց դեմ պայքարելու միջոցների բացակայությունը Հայաստանում մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Սամվել Մայրապետյանի մահվան: Հիմք ընդունելով այդ իրողությունը՝ կոնսիլիումը գտել է, որ Մայրապետյանի բուժումը ճիշտ է իրականացնել Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում հաջողվել է փրկել նրա կյանքը:

Բացարձակապես անընդունելի է, որ բժիշկ-մասնագետների բազմաթիվ զգուշացումներն անտեսած պետական իրավասու մարմինները, որոնք հասցրել են Սամվել Մայրապետյանին այն վիճակին, որ առաջացել է ակնհայտ սպառնալիք նրա կյանքին եւ առողջությանը, շարունակում են անտեսել ոլորտի մասնագետների կարծիքը եւ այժմ էլ խոչընդոտում են նրա բուժման միակ հնարավորությունը՝ փորձելով այն ներկայացնել իբրեւ քննությունից թաքնվելու միջոց: