Այս օրերին սպասվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը: Տարիներ շարունակ` սկսած 2000 թ.-ից, ՀՅԴ բյուրոյի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո կուսակցության բոլոր ժողովները անց են կացվում այստեղ։ 

4 տարին մեկ անցկացվող ժողովն այս անգամ ևս բացառություն չի լինի: ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ ժողովի ընթացքում քննարկվում են կուսակցության համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերը․ «Ժողովի ընթացքում ընտրվելու է բարձրագույն գործադիր մարմինը` ՀՅԴ բյուրոն և նրա ներկայացուցիչը»,- նշեց Համբարձումյանը։ 

Նկատենք, որ 2000 թվականից ի վեր Հայաստանում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն է, սակայն դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խոսակցություններ եղան կուսակցությունների կազմի փոփոխության մասին: Հարցին՝ հնարավո՞ր է այս անգամ նա չընտրվի բյուրոյի ներկայացուցիչ, Համբարձումյանը պատասխանեց․ «Թե ինչ կազմ կունենա բյուրոն՝ բացառապես գերագույն ժողովի խնդիրն է։ Որևէ կանխագուշակում անել հնարավոր չէ։ Սա դաշնակցությունն է, իսկ դրա պարագայում որոշումները ոչ թե կանխավ են կայացվում, այլ ժողովի ժամանակ։ Դաշնակցությունն իր որոշումները կայացնում է սեփական տեսանկյունները նկատի ունենալով. որևէ այլ ազդեցությունների պարագա չի կարող դերակատարություն ունենալ»,-ընդգծեց ՀՅԴ-ականը։

Նշենք, որ բացի Հրանտ Մարգարյանից, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ` Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը և Սպարտակ Սեյրանյանը, Լիբանանից՝ Բենիամին Պչաքճյանը, Հակոբ Խաչերյանը, ԱՄՆ-ից Վիգեն Յակուբյանը, Խաչիկ Մուրադյանը, Իրանից՝ Վիգեն Բաղումյանը, Ֆրանսիայից՝ Մուրադ Փափազյանը և Կանադայից՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: 

 

1999 թ․ մինչև իշխանափոխությունից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որ ՀՅԴ-ն չանցավ Ազգային ժողով։ Ի դեպ, 1999-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 84 232 քվե, իսկ 2018թ․ վերջին ընտրություններում ՀՅԴ-ն ստացել է 48 816 քվե կամ 3,88 %:

Սակայն մինչ այդ՝ շուրջ 20 տարի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որոշակի կարճ դադարներով, ՀՅԴ-ն իշխանության մեջ էր։ 2018-ի ապրիլին տեղի ունեցած երկրի ղեկավարի՝ վարչապետի ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի սկսած  շարժման հետևանքով, Սարգսյանի հրաժարականից հետո Դաշնակցությունը դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից։ Օրեր անց, ՀՅԴ-ն մաս կազմեց վարչապետի նոր կառավարությանը, որը, սակայն, տևեց շատ կարճ՝ մինչև հոկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սոնա Հարությունյան