Հայաստանի նոր իշխանությունները վերջին շրջանում ակտիվ աշխատանքի իմիտիացիայի նոր աղբյուր են գտել՝ Նաիրիտը: Պարզվում է նորերը, ինչպես և հները լիահույս են, որ կկարողանան գտնել համապատասխան լուծում՝ երբեմնի հսկայի վերագործարկման և աշխատավարձի մուրազով մնացած նաիրիտցիներին հասանելիք գումարները վճարելու համար: Բանն այն է, որ Նաիրիտը լակմուսի թուղթ է, որն այս տարիների ընթացքում բացահայտել և բացահայտում է իշխանությունների պոպուլիզմի իրական մակարդակը: Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում իշխանության եկած անխտիր բոլոր ուժերը փորձել են կայանալ հենց Նաիրտի վրա: Արդյունքը տեսնում ենք՝ գործարանի վերագործարկամ հարցում քայլ առաջ անգամ չի կատարվել»

Հասկանալի է, որ ներկա իրավիճակում, երբ արտասահմանյան ներդրողները, մեղմ ասած, տպավորված չեն Հայաստանի ներդրումային դաշտից և չեն շտապում գումարներ ներդնել մեր երկրում անգամ զարգացող բիզնեսների մեջ, միամտություն կլինի ենթադրելը, որ Նաիրիտի նման պանդորայի արկղը որևէ մեկին կարող է շահագրգռել: Ինչ վերաբերվում է պետությանը, ապա հասկանալի է՝ պետական միջոցները չեն բավարարելու: Ֆինանսական միջոցները մի կողմ, նոր իշխանությունները ապացուցեցին, որ անգամ կառավարչական լուծումներ չեն կարողանում գտնել, երբ բախվում են նմանատիպ խնդիրների՝ Ալավերդու պղնձաձուլարանի օրինակը դրա վառ վկայությունն է:

Ստացվում է չկան ռեալ լուծումներ, չկա անգամ տեսլական, թե երբ և ինչպես կարող է երբեմնի արդյունաբերական հսկան նոր կյանք ստանալ, սակայն իշխանություններին դա չի հետաքրքրում: Կարևորը պոպուլիզմն է և դրա միջոցով ժամանակ շահելն ու բուռն աշխատանքի իմիտացիա անելն է…

Ս.Խաչատրյան