Առողջապահության նախարարության դիմաց այսօր' հունվարի 11-ին, բողոքի ակցիա էին իրականացնում նարգիլե ծխելու բարերի սեփականատերերն ու աշխատողները: Վերջիններիս դժգոհության պատճառը Առողջապահության նախարարության կողմից ծխելն արգելելու որոշման հետ մեկտեղ նարգիլեի օգտագործումն արգելելն է։

Նարգիելի կիրառման սահմանափակման դեմ բողոքող երիտասարդներն իրենց հետ բերել էին «Թողեք աշխատենք», «Չեմ ուզում արտագաղթել», «Չեմ ուզում կորցնել աշխատանքս» գրությամբ պաստառներ՝ պահանջելով վերանայել որոշումը։ Նրանք նշում էին, որ համապատասխան օրենքի նախագծում բազմաթիվ բացեր ու բացթողումներ կան, բացակայում են բիզնեսը կազմակերպելու այլընտրանքային եղանակի հնարավորությունները։ Նարգիլեն չի կարելի դիտարկել նույն հարթության վրա, ինչ սիգարետը, քանի որ վերջինն շատ ավելի քիչ վնասակար է։ Նրանց խոսքով՝ իրենք մեծ ներդրումներ են արել, իսկ նախարարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո փաստի առաջ են կանգնելու։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Հուկահ բարերից մեկի տնօրեն Տիգրան Ասրյանը նշեց՝ իրենք նախարարությունից պահանջում են թույլ տալ զբաղվել իրենց բիզնեսով․

«Մեր պահանջն այն է, որ մեզ թույլ տան վաճառել նարգիլե։ Մենք կողմ ենք սիգարետի օրենքին, սակայն նարգիլեն այլ բան է, շատ ավելի քիչ վնասակարությամբ։ Ուզում ենք՝ հետ բերեն օրենքը, քննարկենք, ընդհանուր հայտարարի գանք, որ մենք ու մեր աշխատողները չմնանք առանց աշխատանքի ու չարտագաղթենք։ Մենք ունենք նարգիլեանոցներ, եթե որևէ մեկը չի ուզում ծխել, որևէ մեկը իրեն չի ստիպում։ Մենք խնդրում ենք՝ թողեն աշխատենք։ Նախարարության որոշումը վնաս է 700-1000 հոգու համար, որոնք պահում են իրենց ընտանիքները։ Գնալու ենք երկիր ման գանք, որտեղ կարող ենք նարգիլե վաճառել, որովհետև դա ենք կարում անենք»,- նշեց նա։

Սոնա Հարությունյան

Մանրամասները՝ տեսանյութում