ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը երեկ ընդունել է Նաիրիտ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանին և մի խումբ աշխատակիցների։ Սիսեռյանի փոխանցմամբ՝ անդրադարձել են աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը. վերջինս այլ մանրամասներ չի նշում։ 

Նաիրիտ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մանրամասնեց հանդիպմանը քննարկված խնդիրներն  ու դրանց համար մշակվող լուծման միջոցները։ 

«Հիմնականում քննարկել ենք հատնի ներդրողների նախագծի հարցը, նշեմ, որ նախկինում կնքվել էր համաձայնագիր Տարածքային զարգացման և ներդրումների նախարարության հետ, ըստ որի` Նաիրիտ գործարանում տեխնիկական աուդիտ կատարվեց, որը պետք է ներկայացնեինք մեր ներդրողներին և կառավարությանը։ Աուդիտի հիման վրա շուրջ 130 միլիոն դոլար գումար է անհրաժեշտ գործարանը վերագործարկելու համար, իսկ դրա համաձայնությունը տվել էին ներդրողները։ Հիմա` կառավարությունը կրկին համաձայնություն է տվել, որ այս հարցով զվաղվի զարգացման կառավարությունը»,-ներկայացրեց Նաիրիտի նախկին տնօրենը։

Մեր զրւցակցի խոսքով` կառավարության կողմից հանձնարարվելու է զարգացման կառավարության ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին հանդիպում կազմակերպել նաիրիտցիների և ներդրողների հետ։

«Վարագ Սիսեռյանը ասաց, որ ես և նախարարը հանդիպենք և հրավերքի մանրամասները քննարկենք։ Քննարկել ենք նաև աշխատավարձերի տոկոսների և պարտքերի հարցը։ Պարոն Սիսեռյանը ասաց նաև, որ կհանձնարարի Էներգետիկայի նախարարությանը կազմել արձանագրություն, թե այսօրվա դրությամբ որքա՞ն է պարտքի մեծությունը և թե ի՞նչ գումարային գործարք էր կնքվել «Նաիրիտ 2»-ի հետ աշխատավարձերի վերաբերյալ»,- մանրամասնեց Կարեն Իսրայելյանը։

Նաիրիտի նախկին տնօրենը վստահեցնում է, որ հարցը տեղից  շարժվում է առաջին անգամ և մեկ շաբաթից աշխատավարձերի վերաբերյալ հստակ պատասխան կստանանք․«Մենք արդեն այդ ժամանակ կիմանանք՝ արդյո՞ք այդ տոկոսները ձևակերպվել են Նաիրիտի վրա, թե՞ չեն ձևակերպվել»։

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ