Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու դեպքի առթիվ երկու անձի մեղադրանք  է առաջադրվել։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Գ.Հակոբյանին և 1996թ. ծնված Մ. Ոսկանյանին»,-նշեց նա: 

Հարությունյանը տեղեկացրեց, որ Գ. Հակոբյանի նկատմաբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մ. Ոսկանյանի նկատմամբ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: