Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը երկարատև քննարկումներից հետո որոշել է ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար իր քվեն տալ ընդդիմության այն թեկնածուին, որը առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով ձևավորել է ոչ միայն խորհրդարանական իշխանություն, այլ նաև խորհրդարանական ընդդիմություն` ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի և  «Լուսավոր Հայաստան»-ի : Ընդ որում` քվեների քանակով գերազանցվել է  նրանցից մեկին տրվող նախապատվությունը: Ընտրություն անելու հանգամանքում անգամ մեկ քվեն է կարևոր: «Իմ քայլը» խմբակցությունը թեժ քննարկումների, կարծիքների բախումների արդյունքում եկել է եզրակացության և քաղաքական կոնսենսուսի ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար նախապատվությունը տալ ժողովրդի քվեով ձևավորված այն ընդդիմության թեկնածուին, որն առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում»,-հայտնեց Մակունցը:

Մակունցն ընդգծեց, որ այս փոխխոսնակի ընտրությունը ոչ Մանե Թանդիլյանի և Վահե Էնֆիաջյանի անձերի, ոչ էլ երկու խմբակցությունների միջև է: Այս ընտրությունը հիմնված է հստակ քաղաքական սկզբունքի, հստակ թվերի  և ընկալումների վրա: Եվ նա վստահեցրեց, որ իրենք  ընտրում են սուբյեկտիվիզմից զուրկ լինելու տարբերակը և ընտրում են քաղաքացիների արդեն արձանագրած որոշումը հիմք ընդունելով: Մակունցը շեշտեց, որ այս խորհրդարանը պետք է առանձնանա իր սկզբունքային, կառուցողական գործելաոճով:

 «Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:

Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: