«Հայաստան-Իրան հարաբերություններին վնասող որևէ արտահայտությունն անթույլատրելի է․ լինի դա քաղաքական գործիչ, վերլուծաբան, հասարակական գործիչ՝ նախևառաջ պետք է ճանաչի Իրան, հետո այս պետության մասին հայտարարություններով հանդես գա»։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով այսօր՝ հունվարի 16-ին, Ազգային ժողուվի նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, թե՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով, միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված Հայաստանը կարող է միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»:

Картинки по запросу իրանագետ վարդան ոսկանյան

Ըստ նրա՝ Հայկ Կոնջորյանի հայտարարությունն ավելի շատ անփորձության հետևանք է, քան մտածված քայլ․ «Կարծում եմ՝ խմբակցության տեսակետը չէր, այլ անհատ պատգամավորի անզգույշ արտահայտություն է։ Առնվազն Հայաստանի շահերով չառաջնորդվող մարդ պետք է լինել՝ չհասկանալու համար, թե ինչպիսի կարևորույթուն ունի Հայաստանի համար Իրանը և հակառակը։ Այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունները չպետք է ենթակա լինեն որևէ անզգույշ արտահայտության հետևանքների։

Իրանը շատ բարդ երկիր է, և այդ երկիրը ճանաչելու համար մի քանի տասնամյակները միգուցե բավարար չլինեն, հետևաբար, Իրանի վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց առաջ առնվազն գոնե պետք է խորհրդակցել մասնագետների հետ, առավելևս, երբ այդ հայտարարությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց իրանագետը։ 

Ինչպե՞ս կմեկնաբանի պատգամավորի կողմից Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հավասար հարթության վրա դիտարկելը՝ հարցին ի պատասխան Ոսկանյանն ասաց․ «Դա կոպտագույն սխալ է, և չի կարելի համեմատել այդ երկրների հետ։ Իրանցիներն ունեն պետության սեփական մոդել, որը հիմնված է շիայական գաղափարախոսության վրա և այդ երկրի ժողովրդի գործն է՝ վճռել, թե ինչպիսի հասարակարգ կամ ինչպիսի պետական կառուցվածք պետք է ունենա Իրանի պես հազարամյա պետականություն ունեցող երկիրը։ 

Ինչ վերաբերում է համեմատության սխալ լինելուն, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանում իշխանությունը ժառանգական է, հստակ բռնապետական, Թուրքիայում իշխանույթունը զավթված է մի անձի կողմից, մինչդեռ Իրանի պարագայում չի կարելի նման համեմատություն անել, քանի որ Իրանում կան հավասարակշռությունների և բեևեռների բազմազանություն և այն բազմաշերտ պետություն է»,- նշեց նա։ 

Հարցին՝ հնարավո՞ր է հայտարարությունը որևէ կերպ ազդի երկու երկրների հարաբերությունների վրա, իրանագետը նկատեց․ «Իրանցիները պետականության հնագույն ավանդույթ ունեցող ժողովուրդ են և կարծում եմ՝ կարողանում են զանազանել թացը չորից։ Չեմ կարծում, թե նման անզգույշ արտահայտությունը կարող է պատճառ դառնալ հայ-իրանական հարաբերություններում նույնիսկ մազաչափ սառնության»,- եզրափակեց Ոսկանյանը։ 

Սոնա Հարությունյան