«Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու՝ այսօրվա դատական նիստին որոշակի անոմալ վիճակ էր ստեղծվել, քանի որ մենք ներկայացրած ենք եղել գրավի միջնորդություն նախկինում, որը պետք է քննվեր՝ մեր կարծիքով՝ առանձին և որոշում կայացվեր, քանի որ դա վերաբերում էր Վերաքննիչ դատարանի կողմից երկրորդ կալանավորմանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Քանի որ քննվեց արդեն կալանքի երկարացման միջնորդությունը, հետևաբար, գրավի միջնորդություն, որպես այդպիսին, ներկայացրել է արդեն ոչ թե մեր նախկին միջնորդությունը, այլ երկրորդ անգամ կալանքի երկարացման միջնորդության քննության շրջանակներում, այսինքն՝ իրավական տեսակետից՝ 3-րդ անգամ կալանավորելիս համապատասխան գրավը կիրառելու միջնորդությամբ»։

Խոսելով գրավի դիմաց ազատ արձակման գումարի չափի մասին՝ Օրբելյանը նշեց, որ գումարի չափ չեն սահմանել՝ թողել են դատարանի հայեցողությանը։

«15-ից ավել ձայներիզ ենք ներկայացրել, որի մեջ հաստատվում է մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը։ Տեսանյութերը բոլորը առկա են համացանցում․ դրանք վերաբերում են ինչպես մարտի մեկին, այնպես էլ գատնալսումներին, վերջերս տրված որոշակի հարցազրույցներին, որի հետ կապված խնդիր ենք տեսնում արդար դատաքննության հետ»,-ասաց Քոչարյանի պաշտպանը։

Հարցին՝ արդյոք անձեռնմխելիությանը անդրադարձ կատարվեց՝ Օրբելյանը նշեց, որ կատարվել է, որովհետև այդ հարցը այդպես էլ վերջնական կարգավորում չի ստացել, քանի դեռ չունեն վերջնական որոշում։ 

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 18-ին։

Մանրամասները՝ aysor.am-ի տեսանյութում.