«Մենք մարդկանց դեմն արդեն չէինք կարում առնել, նրանք դրանով հարվածում էին բիզնեսմեններին: Մարդիկ հագուստ ներկրելիս անհատապես գնում են մաքսատուն, մաքսազերծում են հագուստը և դրանք ազատ վաճառում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նախկինում կայացրած, այնուհետև փոփոխված այն որոշմանը, ըստ որի՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալով (50 կգ) որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Վերջինս հավելեց, որ այդպիսով վերջին ամիսներին ձևավորել են հանգիստ մթնոլորտ: 

ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե ստվերի կրճատման ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ են կատարվել մինչ օրս և նախկինում խոստացված ՀՀ ներմուծվելիք ստվերի գնահատման համակարգ երբվանից է գործելու, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Դա ամենօրյա պրոցես է, աշխատանքները տարվում են: Իսկ ինչ վերաբերում է այս տարվանից գործող համակարգին, այստեղ ևս աշխատանքները շարունակվում են, արդեն մոտավորապես դիզայն ունենք, և դա տարվա ընթացքում ենք սկսելու կիրառել»:

 

Տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անդրադառնալով, Անանյանը կրկին հայտարարեց, որ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, իսկ տվյալ ոլորտում դժվարություններ, այնուամենայնիվ, կան:

«Շաքարավազի ներկրողներն, այո՛, շատացել են, բայց արդյո՞ք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ տարիներ շարունակ այդ ոլորտում գերիշխող դիրք ունեցողը հոժարակամ իր դիրքերը ցանկանա կիսել այլ ուժերի հետ: Բնականաբար, չի ցանկանա: Շուկան չի փոխվել, այն նոր է, պարզապես կարող են շուկայում հայտնվել նոր խաղացողներ»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը: 

Վերջում՝ այն հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, թե ՊԵԿ-ն ազատել մի շարք աշխատակիցների, Անանյանը պարզաբանեց. «Այո՛, դա ճիշտ է: 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, մենք 500-ից ավել աշխատակիցների մեջ ընտրություն ենք կատարել լավի և լավագույնի միջև։ Այնպես չէ, որ այս 128 աշխատակիցներից բոլորն արժանի էին աշխատանքից ազատման»: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ