ՀՀ արդարադատության նախարարությունը՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, քիչ առաջ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր ՄԻԵԴ-ի որոշման պահանջների կատարումն ապահովելու համար: 

Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկվա որոշմանը,  որով ՄԻԵԴ-ը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմի՝ հունվարի 2-ի միջնորդությունը՝ միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ, հաղորդում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը: Բանն այն է, որ պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է Մայրապետյանի՝ արտասահմանում բուժում ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ վերջինիս կյանքին վտանգ է սպառնում, իսկ Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում:

Ուշագրավ է այն, որ երեկ Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ շնորհավորում է ներկայիս իշխանություններին, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կոմունիկացված գործ կա վերջիններիս դեմ: «Նախաքննության մարմինների իրականացրած որոշ գործերով փնթի նախաքննություն է վարվել»,- ասել է Մարուքյանը: 

Ստացվում է, որ Էդմոն Մարուքյանի՝ նախապես արված «առեղծվածային» հայտարարությունը մասնավորապես վերաբերում էր Մայրապետյանի մասով ընթացող դատական գործին: Նկատենք, որ ՄԻԵԴ-ի կողմից արդեն սպասվում է ևս մեկ նմանատիպ որոշում՝ կապված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  մասով ընթացող դատական գործի հետ:

Նշենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշմանն արձագանքել է նաև ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը. «Բժշկական խնդիրն ապահովելու մեջ և քննիչների, իբր, անփույթ աշխատելու մեջ պատճառական ու տրամաբանական կապը այստեղ չկա»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ