7-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն ընթացավ մի քանի օր: Ի տարբերություն նախորդի՝ ոչ թե կլինի 9, այլ 11 մշտական հանձնաժողով: 2 նոր հանձնաժողովներն են` Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Վերջինի ստեղծումը պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը, խոսելով նոր ստեղծված հանձնաժողովների, մասնավորապես, Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ստեղծման մասին՝ նկատեց, որ նախորդ իշխանության օրոք ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հանձնաժողով ստեղծելու քննարկում չի եղել: 

Չնայած Հարությունյանը նման հանձնաժողովին գնահատականներ տալուց փորձեց ձեռնպահ մնալ, բայց և մտավախություն հայտնեց, որ տնտեսական հարցերով հանձնաժողովի և այս հանձնաժողովի միջև կարող է խնդիր առաջանալ. «Այն հարցերը, որոնք կապված են ԵԱՏՄ-ի հետ, այդ խնդիրները վերջին հաշվով արտացոլում են գտնում մեր տնտեսական օրենսդրության մեջ: Միգուցե այդ հանձնաժողովը սկսի զբաղվել բացառապես արտաքին տնտեսական քաղաքականությամբ՝ տնտեսական դիվանագիտության, արատաքին շուկաների դիվերսիֆիկացիա. սա կարող է շատ հետաքրքիր դերակատարում ունենալ: Պարազպես պետք է  այնպես անել, որ այդ հանձնաժողովները չխաչվեն, չկրկնեն միմյանց, չսկսեն յուրաքանչյուրն իրեն քաշել վերմակը կամ՝ որն ավելի ազդեցիկ է՝ փորձի այդպես խնդիր լուծել. դա կլինի ամենավատը», - ասաց Հարությունյանը:

Վերջինս բնական է համարում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի երկար քննարկումները և նշում, որ հարմար առիթ է նորընտիր պատգամավորների համար հանրությանը ներկայանալու. «Ոչ միայն փորձում են ներկայանալ, այլև դրսևորում են որոշակի մասնագիտական որակներ: Նոր պատգամավորները փորձում են ներկայանալ, հանրության համար ճանաչելի լինել»:

Ինչ վերաբերում է պատգամավորների պրոֆեսիոնալիզմին, նախկին պատգամավորի կածիքով, դեռևս չի եղել հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ խնդրի քննարկում, որ հասկանալի լինի՝ արդյո՞ք քաղաքական մեծամասնությունը գիտակցում է  այն պատասխանատվությունը, որը ստանձնել է. « Նրանք բոլորն էլ քաղաքականության մեջ անփորձ են: Դա քննադատելու չի, դա փաստ է: Պետք է հաշվի առնել, թե որքանով են այդ պատգամվորները զգում իշխանության լուրջ պատասխանատվությունը: Բոլորից պետք չէ պահանջել սուպերպրոֆեսիոնալիզմ, ավելի շատ պետք է գնահատել մտքերը շարադրելու կարողությունը, արդյոք պատգամավորներն ունա՞կ են հոդաբաշխ իրենց մտքերը շարադրել»:

Հարությունյանը նկատեց, որ բոլոր ժամանակներում Հայաստանի իշխանությունների «աքիլլեսյան գարշապարն» է եղել այն, որ քաղաքական մեծամասնություններն առաջնորդվել են հետևյալ թեզով՝ ես որոշում կայացնելու իրավունք ունեմ, և այդ որոշումը  չի կապվում այն պատասխանատվության հետ, որը ես ստանձնում եմ՝ լինելով իշխանություն:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է պատմությունը կրկնվի և նոր իշխանությունները կրկնեն այն, ինչ նախկինները՝ նա պատասխանեց. «Կան նախադրյալներ: Երբեմն-երբեմն նկատվում են»:

Արմինե Արմենակյան