Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը և կալանավորել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

Թեև հայտնի չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Հարությունյանը, այնուամենայնիվ, տրամաբանական է՝ եթե հետախուզում են հայտարարել, ուրեմն նրա գտնվելու վայրը իրավապահներին հայտնի չէ: Ամիսներ առաջ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը Արամ Հարությունյանին գրեթե դարի կոռուպցիոներ էր ներկայացնում, բայց արի ու տես, որ այդ դարի կոռուպցիոները ոչ միայն չի ընդունում մեղադրանքը, այլ մի բան էլ հաջողացնում է ճողոպրել պատկան մարմիններից, և ի չիք են դառնում վերջինիս կողմից թալանած գումարը վերադարձնելու հույսերը: Հարությունյանը մի քանի ամիս է նույնիսկ ստացել «ավանսով, քանի որ ցանկության դեպքում՝ իրավապահները կարող էին դարի կոռուպցիոներին կալանավորելու օպերացիան իրականացնել շատ ավելի վաղ: Իհարկե, մենք չենք ցանկանում որևէ կերպ պատկան մարմիններին մեղադրել կոռուպցիոն ռիսկեր ծնելու մեջ: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ Արամ Հարությունյանի ճողոպրելը գլխանց գումարներ վերցնելու արդյո՞ւնք էր, թե՞ պարզապես անփույթ աշխատելու:

Հանրության հիշողության մեջ դեռ թարմ են Սաշիկ Սարգսյանի որդու, Մարտի 1-ի գործով մի շարք մեղադրյալների «շատ պատահական կերպով» արտերկրում, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլ երկրի քաղաքացիությամբ հայտնվելու դեպքերը: Ինչպե՞ս են այս անձինք հատել Հայաստանի սահմանները, և ինչո՞ւ նրանց նկատմամբ չկար պատշաճ վերահսկողություն: Ժամանակին  նույն Փաշինյանն ու իր թիմակիցները հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանին «մուծվողները» խուսափում էին պատիժը կրելուց և արդարադատությունից: Իսկ հիմա՞ ում են «մուծվում» արդարադատությունից նույն հաջողությամբ ճողոպրողները: