Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 18-ին նիստ է անցկացրել, որտեղ որոշվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը։ Այսպիսով, պատվիրակության ղեկավարը կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ընդ որում, մինչ Ռուբինյանի նշանակումը՝ խոսվում էր, որ այս պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Իգիթյանը, ով շատերի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարելու համար շատ ավելի նախընտրելի թեկնածու էր՝ հաշվի առնելով նրա մասնագիտական կարողությունները և փորձը, որով նա միանշանակ գերազանցում է Ռուբեն Ռուբինյանին:
 
Ռուբինյանին թերահավատորեն վերաբերվելու առիթները բազմաթիվ են: Գլխավոր պատճառը, թերևս, նրա անփորձությունն է, որը հատկապես երևան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ։ Դրանից հետո էլ Ռուբինյանը չի փայլել. մեկը մյուսի հետևից քաղաքական կիքսեր է թույլ տվել, սակայն ինչպես երևում է՝ նրա հարազատ ՔՊ-ում առաջնորդվում են ոչ պակաս հարազատ ՀՀՇ-ի սկզբունքով՝ «պոլի փետ լինի՝ ՀՀՇ-ից լինի»: Այստեղ կես կատակ, կես լուրջ՝ տեղին է նշել, որ Իգիթյանն էլ էր ՀՀՇ-ից , այդ դեպքում՝ ինչո՞ւ ընտրվեց անփորձ և պարբերաբար սայթաքող Ռուբինյանը: Համաձայնեք՝ մի բան է խայտառակվել ԱԺ-ում, այսպես ասած՝ ներքին լսարանի առաջ, մեկ այլ բան՝ ԵԽԽՎ-ում, որտեղ հարևան սուլթանության ներկայացուցիչները և նրանց կողմից գնված խավիարասեր պատգամավորները ատամները սրած են սպասելու մեր պատվիրակության սայթաքելուն:
 
ՔՊ երիտասարդները, ինչպես երևում է՝  ընդդիմացել են ավելի փորձառու Իգիթյանի նշանակմանը, ընդամենը…ղեկավար պաշտոն ստանալու համար: Իհարկե, Ռուբինյանը կարող էր պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնել մեկ-երկու տարի հետո, երբ քիչ թե շատ փորձ ձեռք բերած կլիներ և Իգիթյանի կողմից նրան այդ պաշտոնը զիջելը կլիներ տրամաբանական և սերնդափոխության գեղեցիկ դրսևորում: Մինչդեռ ղեկավար պաշտոնի հասնելու տենդի այս դրսևորումը թույլ է տալիս պնդել, որ նախկին իշխանությունների լավագույն ավանդույթների մեջ մտնող թայֆաբազությունն այսօր էլ շարունակվում է…