«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ  «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։

Ըստ ՀՀԿ-ականների` նման քաղաքական ծրագրերը թույլ կտան հավաքագրել ոչ միայն բանիմաց, այլեւ այս ընթացքում կուսակցությունը չլքած երկտասարդներին` կուսակցության ռեբրենդինգի ապահովման, բայց առաջին հերթին ակտիվ արտախորհրդարանական պայքար ծավալելու համար: 

Ակտիվացել է անգամ տեւական ժամանակ ՀՀԿ-ի շենքի մոտ չերեւացող ՀՀՇ-ի Գեւորիկը, որն ուրբաթ օրվա վերջին ԳՄ նիստից մեկ ժամ առաջ պարտաճանաչ կանգնած էր ՀՀԿ մուտքի մոտ: «Գեւորիկ, սխալ ես եկել, իրենք էլ իշխանության չեն, պիտի գնաս մի քանի մետր էն կողմ` կառավարության շենքի մոտ կանգնես»,- հորդորեցինք նրան: «Դու ինձ մի սովորացրու, ես գիտեմ ինչ եմ անում. եթե գիտես, ասա` խորհրդի՞, թե՞ ԳՄ նիստ է»: Քեզ համար մեկ չի՞, իրենք իշխանության չեն, նորերը փող չե՞ն տալիս։ «Տվող չկա, լավ ուզող կա»:

Մոտեցող Կարեն Ավագյանին նկատեցինք․ գործազուրկ է, պետք չէ նրանից փող ուզել՝ հորդորեցինք Գեւորիկին։ «Գործազուրկ չեմ, պրոֆեսոր եմ, գիտությունների թեկնածու, դասախոսում եմ Բժշկական համալսարանում․ անգլերենով` հնդիկներին։ Սկզբում՝ քիչ ժամերով, հիմա` իշխանափոխությունից հետո, շատ ժամեր եմ վերցրել»,- արձագանքեց Ավագյանը: Պրոֆեսոր, Դուք կարծես դատական բժիշկ եք, չէ՞․ տխուր մասնագիտություն չէ՞:

«Երբեք, մանավանդ` իշխանափոխությունից հետո»,- մեր սեւ հումորին սեւ հումորով պատասխանեց Կարեն Ավագյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում