ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 21-ին հանդիպել է ՀՀ-ում Բենինի Հանրապետության (ԲՀ) արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկիի (Noukpo Clément Kiki) հետ (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Կիկին իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել փոխնախարար Հովհաննիսյանին։ Տեղի ունեցած զրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպան Կիկիին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։  

Բենինի դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխնախարարին հանդիպման համար, նշել է, որ իր գործունեության ընթացքում փորձելու է հնարավորինս ակտիվացնել ՀՀ-ԲՀ հարաբերությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական կապերը զարգացնելու առկա հնարավորություններին և հեռանկարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքներում ՀՀ-ի և ԲՀ-ի համագործակցության առավել ակտիվացման անհրաժեշտությանը: Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ հիմնախնդրին և աֆրիկյան տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը։