Մայրաքաղաքում ապրում է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, ուստի, լիովին արդարացի է այն թեզը, որ նա, ով ղեկավարում է Երևանը, կառավարում է երկիրը: Օրերս լրացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման 100 օրը, և քանի որ ինքը՝ քաղաքապետը, չի շտապում հաշվետու լինել արածի և չարածի համար, փորձենք մենք ամփոփել Հայկ Մարությանի 100 օրը: Հիշեցնենք, որ Մարությանը նախընտրական շրջանում խոստանում էր գալ և ծառայել, խնայելով Երևանի և երևանցիների ամեն մի լուման: Իսկ այժմ ներկայացնենք այդ ծառայությունը՝ քաղաքապետի պատկերացմամբ: Եվ այսպես՝ Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսվել է ավելի քան 1 մլրդ 991 մլն 438 հազար դրամ (շուրջ 4 մլն 102 հազար դոլար) տրամադրել պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով։ Նկատենք, որ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ՝ նախորդ ավագանու կողմից հաստատված 2018 թվականի բյուջեում այդ նույն նպատակով նախատեսել էր շուրջ 758 մլն 538 հազար դրամ (մոտ 1 մլն 562 հազար դոլար)։ Այսինքն, 2019-ի համար Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքային իշխանության կողմից նախատեսվել է 1 մլրդ 232 մլն 900 հազար դրամով (շուրջ 2 մլն 539 հազար 500 դոլար) ավելի գումար։

Նախընտրական շրջանում Մարությանի տված թերևս գլխավոր խոստումը վերաբերում էր, այսպես կոչված՝ կարմիր գծերի վերացմանը: Բայց արի ու տես, որ ընտրվելուց հետո Մարությանի դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ կտրուկ փոխվեց. «Կարմիր գծերի եւ այդ կայանումների գումարները գնում են քաղաքային  բյուջե, եւ  ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանցով»-հայտարարեց քաղաքապետը: Հետաքրքիր է, իսկ մինչ խոստումներ շռայլելը և երևանցիներին մոլորեցնելը, Մարությանը տեղյակ չէ՞ր կարմիրի գծերի՝ բյուջեի վրա ունեցած այդչափ դրական ազդեցության մասին: Նախընտրական խոստումներից մյուսը վերաբերում էր ապօրինի շինարարության դեմ անհաշտ պայքարին: Մինչդեռ ըստ Երևանի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների՝ մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից շուրջ 31 ապօրինի շինարարության թույլտվություն է տրամադրվել:

Քաղաքապետն արդեն չի հիշում, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ մտադիր մետրոյի կայարաններ բացել, այժմ արդեն մինչև 4 տարի ժամկետ է նշվում: Ժամկետը հենց այնպես չի ընտրված. զգացողություն կա, որ ներկայիս կազմով քաղաքապետարանն այդքան չի գոյատևի։ Իսկ չկատարված խոստումները հետագայում կհիմնավորեն նրանով, որ չի հերիքել ժամանակը: Բացի այդ, Մարությանը խոստացել էր լուծել աղբահանության խնդիրը: Արդյունքում՝ «Սանիթեք»-ի մենաշնորհն ու դիրքերն անսասան են, իսկ Երևանը՝ աղբի մեջ կորած: «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը խզելու փոխարեն, քաղաքապետն անհասկանալի պատճառներով շարունակում է մեղադրել նախորդներին, մոռանալով, որ իշխանությունն արդեն ինքն է:

Նոր քաղաքապետարանի գոյության ավելի քան երեք ամսվա ընթացքում ստացել ենք հետևյալ պատկերը՝ Նոր Նորքում ապօրինի կառուցած մեկ օբյեկտի քանդում, Հանրապետության հրապարակում Նոր տարվա մեկ տոնածառի տեղադրում: Իսկ ավելի խորքային վերլուծությունից էլ պարզ է դառնում, որ Փաշինյանի թիմի գլխավոր «քաշողը» հենց Մարությանն ու իր ձախողումներն են, որոնք անդրադառնում են ողջ քաղաքական թիմի և այդ թիմի վարկանիշի վրա: