«Խոզի գրիպը» տարածաշրջանում շրջելիս անտարբեր չանցավ նաև Հայաստանի կողքով: Վերջին մեկ ամսում սուր շնչառական խնդիրներով հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում են նաև երեխաներ: Նրանց մոտ հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակները:

Չնայած նրան, որ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրավիճակը վերահսկելի է, սակայն, ըստ հասարակության շրջանում տարածված տեղեկությունների, պաշտոնական տվյալները չեն արտացոլում իրական պատկերը. «խոզի գրիպից» Հանրապետության տարածքում մահացության դեպքերը տասից ավելի են, որոնց մեծ մասը գրանցվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԲԿ-ի տնօրենի տեղակալ Հարություն Դավթյանը նշեց.

«Ես գիտեմ միայն մեկ դեպքի մասին: Այդ թիվը մտածողությունից դուրս է: Մեր բոլոր տվյալները տալիս ենք Առողջապահության նախարարությանը: Այդ մի դեպքն էլ մահացության՝ մեծահասակ անձնավորություն էր, նա ուներ տարբեր հիվանդություններ և դրանց բարդությունից մահացավ: Դիահերձման արդյունքներից տեղյակ չեմ՝ դա խոզի գրիպից էր, թե այլ հիվանդությունից»:

Փորձեցինք նաև պարզաբանում ստանալ ԱՆ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Նշենք, որ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի տարածած վերջին տեղեկության համաձայն՝ հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչերը:

Նախարար Արսեն Թորոսյանն էլ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս թեմային՝ կրկնեց, որ համաճարակ չկա. «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք, անձը ուներ նաև խրոնիկ ծանր հիվանդություն: Սակայն մենք ունեցել ենք նաև բազմաթիվ հաստատված ախտորոշմամբ դեպքեր, որոնք բուժվել են: H1N1-ը ընդամենը վիրուսի մի շտամ է, որը շրջանառվում է: Բայց շրջանառվում է նաև H3N2-ի շտամը:  Սակայն մենք  գրիպի H1N1 շտամի համաճարակ չունենք, ընդհանրապես համաճարակ չունենք: Հարյուր հազար բնակչության հաշվով հիվանդացության շեմով ենք այն հաշվում, մենք այդ շեմից շատ հեռու ենք: Վիճակն ամբողջությամբ կայունանում է»,-վստահեցրեց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ մյուս շաբաթ դրա մասին խոսելու առիթ անգամ չի լինի: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կասկածելի դեպքերը  վերահսկվում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի լաբորատորիայում: Անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկվում: