Տարբեր հարթակներում երեկվանից բուռն քննարկվում է դավոսյան այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ժամուկես տևած հանդիպումը: Փաշինյանն իր ֆեյսբուքյան  էջում երեկ գրեց, որ Ալիևեի հետ մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:

Թե կուլիսների հետևում մասնավորապես ինչ են խոսել 2 հակամարտող երկրների ղեկավարները, ինչ են քննարկել, ինչ եզրահանգման են եկել, դեռ հայտնի չէ, բայց մի բան հայտնի է՝ Ալիևն այդ և նախորդ հանդիպումները միասին վերցրած՝ անվանել է «օգտակար», ինչն իր հերթին մի շարք հարցեր է առաջ բերում: 

Ինչո՞ւ նախապես չէր հայտարարվել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, ո՞րն էր Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպում նախաձեռնելու նպատակը, ո՞րն  է դրանում ՀՀ շահը, հայկական կողմն ինչի՞ է ձգտում, սրանք հարցեր են, որոնց պատասխանն առավել շատ է հետաքրքրում հանրությանն այս պահին:

Մենք կապ հաստատեցինք ՀՀ կառավարության լրատվության վարչություն, սակայն մեզ որևէ պատասխան չտվեցին՝ նշելով, որ պետք է գրավոր հարցում ուղարկենք, որին էլ սահմանված հնգօրյա ժամկետում կպատասխանեն: 

Վարչապետ Փաշինյանի նախկին խոսնակ, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչու է դավոսյան հանդիպումներից այդքան հետաքրքրում հենց Ալիև-Փաշինյան հանդիպումը: «Սովորական հանդիպում է եղել, ինչի որ կես ժամ տևեր նորմա՞ր էր դիտվելու, տարբերությունն եմ ուզում հասկանալ: Դա ոչ ծրագրված հանդիպում էր, ինչի նախորդ 15 հանդիպումներից տեղյա՞կ է հանրությունը»,-ասաց Եղոյանը և հավելեց, որ կառավարության մամուլի ծառայությունից պատասխան չստանալու դեպքում, մնում է միայն սպասել վարչապետ Փաշինյանի մեկնաբանությանը:

Թեմայի վերաբերյալ փորձեցինք զրուցել Փաշինյանի քաղաքական թիմի մի շարք այլ ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի, ինչպես նաև Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ Քոչարյանը նշեց, որ հեռախոսով հարցազրույցներ չի տալիս: Խոսեցինք նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի պատասխանատու Վահան Հունանյանի հետ, բայց նա ևս որևէ պատասխան չկարողացավ տալ:

Նկատենք, որ  այդ քննարկումները՝ աշխարհի տնտեսական առաջնորդների ոչ ֆորմալ հավաքները փակ են, և դրանց միայն երկրների նախագահները և որոշ դեպքերում վարչապետներն են ներկա լինում, մեր դեպքում ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկումներն իրականացնում են փակ դռների հետևում, առանց հեռախոսների, առանց մեդիայի, առանց օգնականների ու նույնիսկ թիկնապահների։ 

Հիշեցնենք, որ այս տարի Դավոսյան ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը 49-րդն է: Նախորդ տարիներին ֆորումի ուշադրության կենտրոնում են եղել համաշխարհային տնտեսությանը և տնտեսական զարգացման հեռանկարներին, արդիական մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող տարբեր խնդիրներ: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ